Մատչելիության հղումներ

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց ավելի քան 10 տարի առաջ տնտեսության զարգացման գերակայություն ճանաչված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար հարկային արտոնություն սահմանել:

«Այդպիսով ՏՏ ոլորտի համար բացառություն է արվում», - կառավարության որոշման նախագիծը ներկայացնելիս հայտարարեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը. - «Եվ միայն այդ ոլորտում գոյություն ունեցող ծրագրային ապահովման հարմարեցումը, արտադրության պրոցեսում ներմուծումների ներդրումը եւ ինովացիոն գործունեությունը շահութահարկով հարկման առումով համարել գիտահետազոտական եւ փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ եւ դրանց վրա կատարված ծախսերը տվյալ տարում նվազեցնել շահութահարկից»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքանով է կարեւոր ու նշանակալից ՏՏ ոլորտի համար կառավարության այսօրվա որոշումը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն պատասխանեց, որ իրենք միշտ էլ առաջ են քաշել այն հարցը, որ Հայաստանը պետք է ունենա սեփական արտադրանքը, այլ ոչ թե սահմանափակվի միայն ինժիներական խնդրիների լուծմամբ: Որոշումը, ըստ Վարդանյանի, հատկապես կարեւոր է այդ ընկերությունների համար. - «Երբ ընկերությունը ինչ-որ մի տեղից ինչ-որ կոնտրակտով գումար է ձեռք բերում եւ այդ գումարը ներդնում է արդեն իսկ փորձարարակոնստրուկտորական աշխատանքների մեջ, ինովացիոն աշխատանքների մեջ, նոր պրոդուկտի ձեւավորման ուղղությամբ, հատկապես այդ ընկերությունների համար կարեւոր է»:

Նա հավելեց որ նման ընկերությունների ծավալն այսօր Հայաստանում մեծ չէ, եւ կառավարության այս որոշումը բարենպաստ պայմաններ է ստեղծում խթանելու նման գործունեությունը. - «Այս վայրկյանին դժվար է գնատահել, բայց եթե խոսենք, ասենք, մեկ տարի հետո, երկու տարի հետո, ապա այդ որոշման ազդեցությունը մենք ավելի հստակ կտեսնենք»:

ՏՏ ձեռնարկություններից մեկի ներկայացուցիչ Արմեն Մարկոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ողջունեց ոլորտին տրված հարկային արտոնությունը` այդուհանդերձ ավելացնելով. - «Սրանք էական նշանակություն չեն ունենա զարգացման առումով, որովհետեւ ինովացիոն ծրագրային զարգացումը առանց այդ օրենքի էլ լավ զարգանում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG