Մատչելիության հղումներ

Հայաստանի լավագույն շախմատիստ, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցնող Լեւոն Արոնյանը նամակ է հղել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին եւ ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի անդամներին` իր մտահոգությունը հայտնելով աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցումները Ադրբեջանում անցկացնելու հնարավորության առնչությամբ։

«Լրատվամիջոցներից տեղեկացա, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցումների անցկացման հայտ են ներկայացրել Ադրբեջանի եւ Բուլղարիայի շախմատային ֆեդերացիաները: Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ Ադրբեջանում տիրող ընդհանուր մթնոլորտը եւ մեր երկրների միջեւ գոյություն ունեցող մշտական լարվածությունը անհնար են դարձնում իմ մասնակցությունն Ադրբեջանում անցկացվող որեւէ բարձրակարգ մրցաշարի», - գրում է Արոնյանը։

«Այնպիսի պատասխանատու եւ կարեւոր միջոցառում, ինչպիսին աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարն է, նրա մասնակիցներից պահանջում է հոգեկան անդորր եւ ուժերի արտակարգ կենտրոնացում: Ոչ շախմատային ոչ մի հանգամանք չպետք է գրոսմայստերին խանգարի ցուցադրելու այն ամենը, ինչին նա ընդունակ է: Խիստ անհրաժեշտ է բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտ, որը, ցավոք, այս պահին Ադրբեջանում չկա ազգությամբ հայ որեւէ անձնավորության համար», - ընդգծում է գրոսմայստերը իր նամակում, որի տեքստը տեղադրված է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջում։

«Բոլոր մասնակիցները պետք է գտնվեն հավասար պայմաններում, ինչը անհնար է հավակնորդների մրցաշարը Բաքվում անցկացնելու դեպքում: Անվտանգության երաշխիքներն ու ցանկացած տեսակի լրացուցիչ աջակցությունը չեն կարող օգնել իրավիճակին», - շարունակում է Արոնյանը եւ ամփոփում. - «Հաշվի առնելով վերոհիշյալը, տեղեկացնում եմ ձեզ, որ ես հաճույքով կմասնակցեմ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին աշխարհի ցանկացած այլ երկրում, բայց իմ մասնակցությունը Ադրբեջանում անցկացվող հավակնորդների մրցաշարին բացառվում է: Հուսով եմ, որ դուք հաշվի կառնեք այս նկատառումները` մրցավայրի հարցը նախագահական խորհրդի նիստում քննարկելիս»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG