Մատչելիության հղումներ

Երիտասարդ խորհրդարանականները վերադարձել են Ստրասբուրգից


2012 թվականի հունվարի 22-28-ը Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին զուգընթաց տեղի ունեցավ ԱՊՀ երկրների երիտասարդ խորհրդարանականների եւ երիտասարդ առաջնորդների սեմինար-ֆորումը:

Հայաստանից ֆորումին մասնակցում էին Երիտասարդական խորհրդարանի նախագահ Կառլեն Խաչատրյանն ու Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր Արմենակ Հարությունյանը: Հավաքին քննարկվում էին ԱՊՀ երկրներում վարվող պետական երիտասարդական քաղաքականությունը, նպատակներն ու սկզբունքները:

Կառլեն Խաչատրյանը նշում է, որ ֆորումի օրակարգում ընդգրկված էր ԱՊՀ երկրների երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողով ստեղծելու գաղափարը:

«Հստակ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի ձեւավորման սկզբունքների մասին, ժամանակացույցը հաստատեցինք, որով պետք է մինչեւ այս տարվա երկրորդ կիսամյակ որոշակի քայլեր անենք, եւ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին երեւի վեհաժողովն իր անդրանիկ նիստը կգումարի: Ձեւավորվեց նաեւ կոորդինացիոն խումբ, որտեղ ընդգրկվեց նաեւ Հայաստանը», - ասաց Խաչատրյանը:

Փորձի փոխանակում, ծանոթացում տարբեր երկրների երիտասարդական խորհրդարանների գործունեության հիմնական սկզբունքներին, կատարվող աշխատանքներին ու ձեւավորման կարգին: Մասնակիցներն ասում են, որ սա էր կարեւոր երիտասարդական խորհրդարան ունեցող երկրի համար:

«Քննարկումների ընթացքում, երբ յուրաքանչյուր երկիր ներկայացնում էր ինչպես իր երկրում վարվող պետական երիտասարդական քաղաքականությունը, այնպես էլ Երիտասարդական խորհրդարանի գործունեությունը, ակնհայտ դարձավ, որ ԱՊՀ երկրներում միայն ՀՀ-ում եւ Ռուսաստանի Դաշնությունում է, որ երիտասարդության մասին օրենք չկա», - նշում է Խաչատրյանը:

Այսօր Երիտասարդական խորհրդարանի օրակարգում է «Երիտասարդության մասին» օրենքի ստեղծումը: Հեղինակը Կառլեն Խաչատրյանն է: Նախագծի շուրջ կազմակերպվել են հանրային քննարկումներ ոչ միայն Երիտասարդական խորհրդարանի հանձնաժողովներում, այլեւ լայն հանրային լսումներ են անցկացվել:

Խոսելով օրենքի կարեւորության մասին` Խաչատրյանը ասում է. - «Ըստ էության, մենք այսօր շատ ենք խոսում տարբեր պրոցեսներում երիտասարդների ներգրավվածության, նրանց ձայնը լսելի դարձնելու, որոշումների կայացման պրոցեսում երիտասարդների ներգրավվածությունն ապահովելու մասին, բայց փաստացի, թղթի վրա, օրենսդրական մակարդակով այդ ամենը կարգավորված չէ»:

Բացի երիտասարդության մասին օրենքի ստեղծումից, Երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչները նաեւ մշակել են շուրջ 15 օրենսդրական նախաձեռնություններ, որոնք դեռ քննարկվում են հանձնաժողովներում` փետրվարին կայանալիք Երիտասարդական խորհրդարանի հերթական նիստին ներկայացնելու համար:

«Մաքսլիբերթի»-ի այն հարցին, թե ի՞նչ է անելու Երիտասարդական խորհրդարանը խորհրդարանական ընտրությունների շրջանում, Կառլեն Խաչատրյանը, ով Երիտասարդական խորհրդարանում ներկայացված է Հանրապետական կուսակցության քվոտայով, պատասխանեց. - «Երիտասարդական խորհրդարանը շարունակելու է բնականոն կերպով իր նիստերը գումարել, անդամները նաեւ կզբաղվեն իրենց նախագծերի մշակմամբ: Քանի որ ես ներկայացնում են Հանրապետական կուսակցությունը, դրանց զուգահեռ կատարելու եմ նաեւ ընտրությունների հետ կապված կուսակցության հանձնարարականները: Բայց դրանից չի տուժի Երիտասարդական խորհրդարանի աշխատանքները»:

Երիտասարդական խորհրդարան ձեւավորելու որոշումը Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանինն էր: Իսկ թե ԱԺ ընտրություններից հետո արդյո՞ք Երիտասարդական խորհրդարանը կշարունակի իր գործունեությունը, Խաչատրյանը ստույգ պատասխանել չի կարող: Նա ասաց, որ դա մասամբ կախված կլինի նաեւ ԱԺ նոր նախագահից, սակայն, Խաչատրյանը համոզված է, որ այս խորհրդարանի կարիքը կա:
please wait

No media source currently available

0:00 0:05:06 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG