Մատչելիության հղումներ

Վկան ցուցմունք տվեց Օհանյանի դեմ


Վկա Արսեն Արշակյանը այսօր ցուցմունք տվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դեմ:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասություն դատարանում հունվարի 9-ին մեկնարկած դատավարության ընթացքում մինչեւ այսօր հարցաքննված մեկ տասնյակից ավելի վկաներից ոչ մեկը ցուցմունք չէր տվել նախկին պետի դեմ:

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, Երեւանի ճանապարհային ոստիկանության նախկին պետ Արսեն Արշակյանը դատարանում հայտարարեց, որ Մարգար Օհանյանը տեղյակ է եղել, որ ոստիկանությունում քիչ բենզին են ստացել, բայց շատ են ցույց տվել:

Վկան պատմեց, որ 27 հազար 500 լիտր բենզին է ստացել, բայց հաշվետվություններում ցույց է տվել 32 հազար լիտր: Արշակյանի փոխանցմամբ, 2009 թվականի մարտ ամսին տնտեսական բաժանմունքի տեսուչ Սամվել Մախմուրյանը իրեն տեղեկացրել է, որ բենզին քիչ են ստացել եւ 32 հազարի փոխարեն իր գումարտակին կտրամադրեն 27 հազար լիտր: Իր հարցին, թե ինչու, Մախմուրյանը պատասխանել է, թե տնտեսական բաժանմունքի պետ Արա Լեւոնյանն է պակաս տվել: Իսկ վերջինս, իր հերթին, պարզաբանել է, որ քիչ բենզին հատկացնելու մասին տեղյակ է Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը:

Այնուհետեւ Արշակյանը դիմել է անձամբ Մարգար Օհանյանին: «Պարոն Օհանյանը պատասխանեց ինձ, որ ինքը տեղյակ է պակաս հատկացնելու եւ անդորրագրերում ավել գրելու հետ կապված: Այլեւս որեւիցե հարց չեմ տվել պարոն Օհանյանին, չեմ հարցրել ինչն է պատճառը եւ ինչ նպատակով է բենզինը պակաս տրվել»:

Մեղադրող դատախազի հարցին, թե փորձել է արդյոք Օհանյանին խնդրել, որ բենզինի չափաքանակն ավելացվի, վկան պատասխանեց. - «Մեկ-երկու դեպք եղել է ավելացնելու հետ կապված: Պատասխան եմ ստացել, որ առայժմ հնարավոր չէ»:

Իսկ մեղադրյալ Մարգար Օհանյանի հարցին, թե ինչու այդ ժամանակ չի դիմել համապատասխան մարմիններին, Արշակյանը պատասխանեց. - «Եթե ես իմանայի, որ այլ նպատակներով է բենզինը պակաս տրվում առաջին գումարտակին, ես կտեղեկացնեի: Ես իմացել եմ, որ բենզինը պակաս է տրվում այլ ծառայությունների, ուղեկցումների հետ առնչվող հարցերում: Դրա համար որեւիցե մեկին տեղյակ չեմ պահել»:

Վկայի պնդման կապակցությամբ, թե Օհանյանը «տեղյակ է եղել», վերջինս նշեց, որ ոստիկանությունում նման կարգ չկա, որ «տեղյակ լինելով» ինչ-որ բան անեն: Գրավոր հրաման է պետք, իսկ ինքը նման հրաման չի տվել:

«Եթե դա գրավոր չէ, բանավոր է, ես չեմ հասկանում «օժանդակելը» ո՞նց է լինում ըստ Դատավարական օրենսգրքի: Եթե ես հրաման չեմ տվել, ես ընդամենը, ըստ վկայի ասելու` տեղյակ եմ եղել դրանից... Ամբողջը օդի մեջ: Դուք ասացիք, որ ես չեմ կարգադրել: Տեղյակ եմ: Ընդամենը ձեզ ասում են պարոն Մախմուրյանն ու պարոն Լեւոնյանը: Եղե՞լ է, որ այդ բանավոր ասելուց հետո ծառայությունը դրանից տուժի` ուշ հասնեք դեպքի վայր, խաչմերուկը չկարողանաք ապահովել», - վկային հարցրեց Օհանյանը:

Արշակյանը պատասխանեց. - «Դրա պատճառով ծառայությունը չի խաթարվել»:

Մարգար Օհանյանը շարունակեց. - «Ձեզ մոտ եղել է խորհրդակցություն, որ, ասենք թե, ձեր վաշտի հրամանատարները, դասակի հրամանատարները ձեզ ասել են, որ տվյալ բենզինի չափաքանակը չի բավարարում ծառայությանը: Բողոք եղե՞լ է ձեզ` գրավոր կամ բանավոր»:

Արշակյանն արձագանքեց, թե գրավոր բողոքներ չեն եղել, իսկ բանավոր մեկ-երկու բողոք ստացել է դասակների հրամանատարներից, որոնց անունները, սակայն, չի հիշում:

Այսօրվա դատական նիստը աչքի ընկավ եւս մեկ ուշագրավ հանգամանքով: Նախորդ դատարական նիստի ընթացքում ցուցմունք տված վկաներից Եղիշ Ենգիբարյանը նամակ էր ուղարկել դատարան` նշելով, թե դատարանում ցուցմունք տալիս կաշկանդված է եղել, ուստի խնդրում է իրական համարել ոչ թե դատարանում տված ցուցմունքը, այլ նախաքննական մարմնում ասվածը:

Հիշեցնենք, առաջին գումարտակի առաջին վաշտի հրամանատար Եղիշ Ենգիբարյանը փոխել էր Հատուկ քննչական ծառայությունում տված ցուցմունքը` ասելով, թե ինքը բենզինի յուրացման մասին տեղյակ չէ, որքան բենզին ստացել է, այնքան էլ ցույց է տվել հաշվետվություններում: Մարգար Օհանյանը հարցին ի պատասխան Ենգիբարյանը հայտարարել էր, թե ճիշտը դատարանում տված ցուցմունքն է: «Միանշանակ սա էր ճիշտը», - ասել էր վկան:

Եղիշ Ենգիբարյանը, փաստորեն, երկրորդ անգամ է փոխում ցուցմունքը, քանի որ դատարանին հասցեագրված նամակում պնդում է, որ ճիշտը նախաքննական մարմնին տված ցուցմունքն է: Այն է` իսկապես բենզին քիչ են ստացել, եղել են դժգոհություններ, սակայն ղեկավարությունը դրանց չի արձագանքել:

Մարգար Օհանյանը այսօր դատարանում հայտարարեց, որ Ենգիբարյանը ցուցմունքը փոխել է, քանի որ նրա վրա ճնշումներ են կիրառվել. - «Դիմում գրելով չի... Ինձ պարզ է, որ վկայի վրա ճնշում է եղել դիմում գրելու համար... Դիմումը սխալ է գրած: Սուտ է»:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 7-ին:

please wait

No media source currently available

0:00 0:05:45 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG