Մատչելիության հղումներ

Մանոյան. «Ֆրանսիայի օրինագիծը Թուրքիայի օրենքի հետ համեմատելը շատ մեծ սխալ է»


Կիրո Մանոյան
Կիրո Մանոյան
Դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «շատ մեծ սխալ» որակեց Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի հետ համեմատելը։

Անցած շաբաթ նման համեմատություն էր արել «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Ժան-Ֆրանսուա Ժիլյարը` ֆրանսիացի խորհրդարանականներին հորդորելով Սահմանադրական խորհրդի քննարկմանը ներկայացնել Ազգային ժողովի եւ Սենատի հավանությանը արժանացած օրինագիծը։ «Պատմական փաստը պետության կողմից պարտադրված անհերքելի դոգմայի վերածելը դուռ է բացում դեպի վտանգավոր ծայրահեղություններ։ Հենց դա են անում թուրքական իշխանությունները, երբ պատժում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության գոյությունը հիշատակողներին», - գրել էր Ժիլյարը ֆրանսիացի օրենսդիրներին ուղղված իր դիմումում։

«Նման համեմատություններ անողները շատ մեծ սխալ են անում։ Դա, ամերիկացիների ասած, նարինջը եւ խնձորը համեմատելուն կնմանի, որովհետեւ Թուրքիայում կպատժվես, երբ իրականությունը ասես, Ֆրանսիայում պիտի պատժվես, երբ սուտը ասես», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կիրո Մանոյանը։

«Եվ այդ դեմ խոսողները նախ պետք է որ իրենց սկզբունքային կեցվածքը դրսեւորեն ոչ թե նման դեպքերում, այլ երբ որդեգրվել էր, ասենք, Հոլոքոսթի ժխտումը քրեականացնող օրենքը, երբ կա 2008 թվականի նոյեմբերի Եվրամիության խորհրդի համապատասխան որոշումը, որը պարտավորեցնում է անդամ պետություններին ընդհանրապես ցեղասպանությունների, մարդկության դեմ ոճիրների, պատերազմի ոճիրների ժխտումը քրեականացնել», - ընդգծեց դաշնակցական գործիչը` հավելելով. - «Նման դեպքերում թող դեմ արտահայտվեն` կընդունենք, որ սկզբունքային մոտեցում է իրենցը։ Բայց նման առիթներով միայն արտահայտվելը` դա արդեն ուրիշ մեկնաբանության տեղիք է տալիս»։

Մանոյանը դժվարացավ կանխատեսել, թե ինչ ճակատագիր կարող է ունենալ ցեղասպանության ժխտումը քրեականացնող ֆրանսիական օրինագիծը Սահմանադրական խորհրդում, որտեղ այն վիճարկել են մի քանի տասնյակ սենատորներ եւ Ազգային ժողովի պատգամավորներ։

«Կանխատեսելը, կարելի է ասել, բավական դժվար է, թեեւ պարզ է, որ մինչեւ եզրակացություն բավական դժվար է լինելու ընդհանրապես։ Մտել է հիմա մի իրավական հանգրվան, եւ այդ իրավական հանգրվանում պետք է որ ըստ այնմ աշխատեն։ Եվ արդեն Ֆրանսիայի հայ համայնքը այդ ուղղությամբ աշխատում է, փորձում է ընձեռված հնարավորությունները օգտագործել, որպեսզի դրական եզրակացությամբ հանդես գա խորհուրդը», - ասաց Կիրո Մանոյանը։

Նա հավանական չի համարում, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի դիրքորոշումը օրինագծի հարցում կարող է փոխվել` կապված տեւական ճնշման հետ. - «Որովհետեւ ինքը արդեն կառավարության նիստին հայտարարել է, որ եթե պատահի, որ Սահմանադրական խորհուրդը ասի, որ հակասահմանադրական է, ինքը նույն նպատակով նոր օրինագծով հանդես պիտի գա շատ արագ` այն մի քանի օրվա ընթացքում, որ ինքը կարող է դա անել մինչեւ ընտրությունների առիթով խորհրդարանի արձակուրդը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG