Մատչելիության հղումներ

«Սարկոզին ցույց է տալիս իր վճռականությունը»


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ելույթ է ունենում Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին, Մարսել, 8-ը դեկտեմբերի, 2011թ.

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ելույթ է ունենում Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին, Մարսել, 8-ը դեկտեմբերի, 2011թ.

Չորեքշաբթի երեկոյան «Ֆրանսպրես»-ը հաղորդեց, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին պատրաստ է անմիջապես ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ մտցնել շրջանառության մեջ, եթե այդ երկրի Սահմանադրական խորհուրդը հունվարի 23-ին Սենատի հավանությանը արժանացած փաստաթուղթը հակասահմանադրական ճանաչի:

Սահմանադրական խորհուրդը ամենաշատը մեկ ամիս ունի օրինագծի ճակատագիրը վճռելու համար եւ եթե որոշի, որ փաստաթուղթը չի համապատասխանում երկրի Սահմանադրությանը, ապա, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը, «օրենքը, պարզ ասած, ջուրը ընկած կլինի, եւ վերջ»։

Ֆրանսիայի նախագահը, հայտարարելով, թե անձամբ եւ անմիջապես նոր օրինագիծ կդնի շրջանառության մեջ, ցույց է տալիս իր վճռականությունը` այս հարցում մինչեւ վերջ գնալու, կարծում է Վարժապետյանը:

«Նախագահ Սարկոզին ցույց է տալիս, որ ինքը պատրաստ է մինչեւ վերջ գնալ, երկրորդ` նախագահը ցանկանում է իր բոլոր հակառակորդներին պատասխան տալ այս իմաստով` արտաքին թե ներքին, արտաքինից ավելի` ներքին սպառման համար», - ասաց Հայ դատի գրասենյակը ղեկավարը` մանրամասնելով. - «Ներքին երբ ասում եմ` ոչ միայն ֆրանսիական քաղաքական ընդհանուր դաշտում, այլ նաեւ ներկուսակցական, իր կուսակցության մեջ իր նկատմամբ հնչող ձայներին»։

Ըստ Վարժապետյանի, եթե Նիկոլա Սարկոզին ստիպված լինի նոր օրինագիծ ներկայացնել, ապա այն խորհրդարանի քննարկմանը կարող է դրվել արդեն փետրվարի վերջին. - «Ընթացակարգը այն է, որ իր կառավարության միջոցով, անշուշտ, կներկայացնի այդ տեքստը խորհրդարանին, եւ մի քանի օրվա ընթացքում անմիջապես կառավարությունը կարող է Ազգային ժողովի օրակարգ բերել մեկ անգամ եւս։ Նույնիսկ եթե փետրվարի վերջին խորհրդարանական արձակուրդը սկսվում է, մի քանի օր մնացած կլինի, եւ այդ մի քանի օրվա մեջ նախագահը կառավարության միջոցով կարող է իր այդ խոստումը կատարել»։

Հայ դատի գրասենյակի ղեկավարը ասում է` օրենքի համաձայն, այժմ արդեն, երբ օրինագիծը Սահմանադրական խորհրդի քննարկմանն է ներկայացված, նախագահը այլեւս չի կարող վավերացնել այն` պետք է սպասի բարձրագույն ատյանի որոշմանը:

Սարկոզին կարող էր վավերացնել օրինագիծը ավելի վաղ, քանի դեռ սենատորները չէին հավաքել անհրաժեշտ թվով ստորագրություններն ու չէին բողոքարկել: Այդ դեպքում ինչո՞ւ Ֆրանսիայի նախագահը գերադասեց սպասել, եթե օրինագիծը մինչեւ վերջ տանելու հարցում վճռական է, ինչո՞ւ չստորագրեց այն ընդունումից հետո. Հրաչ Վարժապետյանը ասում է` այս հարցին ոչ ոք ստույգ չի կարող պատասխանել, սակայն, իր կարծիքով, Սարկոզին վարվել է այնպես, ինչպես սովորաբար բոլոր օրինագծերի հաստատման պարագայում է վարվում:

«Կարող է ներքին քաղաքական կյանքի` ընտրական առումով խաղաքարտի վերածելու խնդիր լինել, ինչու ոչ` նաեւ կարելի է մինչեւ իսկ մտածել, որ թուրքական դիվանագիտական ճնշումները կարող են իրենց դերակատարությունը ունեցած լինել ընդհանրապես։ Բայց երբ հստակ տվյալներ չկան, եւ վերաբերում է անձնական տեսակետի, ես բաժանում եմ այն տեսակետը, որ նախագահը ցանկացավ սահմանել ավանդական այդ գործընթացը», - ասաց Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG