Մատչելիության հղումներ

logo-print

Փետրվարի 2-ի մամուլ


«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - « Հայկական մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել ՀՀԿ համամասնական ցուցակում երկրորդ համարը, կարծես թե կարող է հանդիսանալ Հայաստանի ներիշխանական թնջուկի բոլորովին նոր կոնֆիգուրացիայի սաղմ: Բանն այն է, որ մինչ այժմ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀԿ կապը գրեթե չի դիտարկվել ներիշխանական զարգացումների կոնտեքստում, կամ շատ հազվադեպ է դիտարկվել: Մինչդեռ, արժե հիշել Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցներից մեկի այն հատվածը, որտեղ նա նշում է, թե ՀՀԿ-ն 2007 թվականի ընտրությունից առաջ ինքն է հզորացրել, շատ պաշտոնյաների հորդորելով մտնել կուսակցություն»:

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը Ազգային ժողովի նախագահ, Մարտի 1-ի հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին հարցնում է. - «ՀՀԿ-ն բազմաթիվ թեւերի է բաժանված… Հիմա դուք վարչապետի թիմում եք, եւ տեղեկություններ կան, որ Տիգրան Սարգսյանը փորձում է վարչապետի պաշտոնը պահպանել ընտրություններից հետո, եթե ոչ` գալու է ԱԺ նախագահ եւ ձեզ էլ խոստացել է, որ եթե գա, ձեր ապագայի մասին էլ կմտածի»: Պատասխան. - «Ընդմիշտ յուրաքանչյուրը իր ականջին պետք է օղ անի. թեւ, թե ոտ հանրապետական կուսակցությունում չի կարող լինել: Եթե որեւիցե մեկը փորձում է այդ ուղղությամբ մտածել, ապա դա դատապարտված մտածողություն է, միանշանակ դա իմացեք: Բոլորս կուսակցականներ ենք, եւ մեր ղեկավարը հանրապետության նախագահն է: Որեւէ փորձ, որը կվերաբերի, որ փորձեն տղայական թասիբի գցել եւ վատացնել իմ ու վարչապետի հարաբերությունները, դատապարտված են: Ասենք` դուք հարց եք տալիս` նրա թիմից եք, ես էլ ասում եմ` ո՞նց, թող ինքը իմ թիմից լինի: Նա թիմ չունի եւ չի էլ կարող թիմ ունենալ, ոչ էլ ինքը ցանկություն ունի: Եվ որեւիցե մեկին է դա վերաբերում, նաեւ ինձ, նաեւ մնացած բոլորին: Այն հոդվածները, որ վերաբերում են իմ եւ Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի հարաբերություններին, էլի անօգուտ աշխատանքներ եք անում»:

«Հրապարակ»-ի հետ զրույցում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ասում է. - «Մեր հասցեին մի քանի նեգատիվ բան են ասում. Արթուր Բաղդասարյանն ինչո՞ւ չմիացավ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ասում են, որ ես պաշտոնի համար միացա Սերժ Սարգսյանին: Բայց Տեր-Պետրոսյանը մեզ հետ շանտաժի եւ վարկաբեկման լեզվով էր խոսում, իսկ Հայաստանի Հանրապետությունում չկա մի մարդ, ով կարող է իմ հետ այդ ոճով խոսել: Ոչ եղել է, ոչ էլ կլինի… Ինչ վերաբերում է պաշտոնին, ապա պետք է հիշել` թե ՕԵԿ-ը եւ թե ես ունեինք ավելի մեծ իշխանություն 2003-2006թթ., քան 2008թ. ընտրություններից հետո: Ինչ է, այդքան խոհեմություն չունեի՞նք, որ ավելի մեծ իշխանությունը փոխարինեինք ավելի նվազով: Ճշմարտությունը պարզ է. մենք ունեցանք հակասություն նախկին նախագահի հետ եւ արժանապատիվ դուրս եկանք կոալիցիայից, անցանք փորձություններով լի ճանապարհ: Հետո եկան նախագահական ընտրությունները, եւ մեր հավաքած քվեներով գրավեցինք 3-րդ տեղը, եւ մեր դիրքորոշումից շատ բան էր կախված, թե ինչ էր լինելու Հայաստանում: Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ չէինք կարող դաշինք կնքել վերը նշված պատճառով»:

«Առավոտ»-ի դիտարկմանը` Հայաստանի ամենահարուստ մարդը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, եւ բոլոր քաղաքական ուժերն էլ ճանապարհներ են փնտրում նրա հետ համագործակցելու. ստացվում է, որ Ծառուկյա՞նն է ամեն ինչի մեղավորը, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը հակադարձել է. - «Ես չգիտեմ՝ որտեղից եւ ով է հայտնաբերել, որ ամենահարուստ մարդը Ծառուկյանն է, որովհետեւ ես տարբեր հարուստ մարդկանց մասին եմ լսել, բայց խնդիրը դա չէ: Կարեւորագույնը հետեւյալն է՝ ոչ միայն Ծառուկյանն է այդ համակարգի պահպանողը եւ ոչ էլ բազմաթիվ այլ երեւացող ու չերեւացող «փակ» օլիգարխները, որոնք բարձր պետական պաշտոնների են եղել եւ Հայաստանի ամենամեծ հափշտակումներն են անցկացրել: Չգիտես ինչու, օլիգարխներից որ խոսում ենք, հիշում ենք միայն բիզնեսմեն-օլիգարխներին, բայց ամենախոշոր եւ ամենահանցագործ օլիգարխները կարողություն կուտակած պետական պաշտոնյաներն են: Բայց հարցն այն է, որ ցանկացած մարդ, որն ուզում է դառնալ օլիգարխ, ուզում է դառնալ պետական պաշտոնյա, որպեսզի հարստություն կուտակի, նա նույնքան ուժեղ պահապանն է այս համակարգի: Իսկ այսօր քաղաքական դաշտի կողմից ողջ փիլիսոփայությունը կառուցվում է դրա վրա՝ դառնալ հարուստ: Դրանք են ծրագրային դրույթները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG