Մատչելիության հղումներ

Մեկնարկել է «Ընտրությունների փոստատար» ծրագիրը


Այսօրվանից մեկնարկել է «Ընտրությունների փոստատար. Խորհրդարանական ընտրություններ 2012» ծրագրի նոր փուլը, որն իրականացնում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ համատեղ: Ծրագրի շրջանակներում մի խումբ փոստատարներ կշրջեն Հայաստանի բնակավայրերով եւ կհավաքեն քաղաքացիներին հուզող հարցերը` դրանք քաղաքական ուժերին փոխանցելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը, ծրագրի նպատակն է նպաստել ժողովրդավար ու հաշվետվողական կառավարման համակարգի ձեւավորմանը ողջ Հայաստանում`շարքային ընտրողներին մասնակից դարձնելով երկրի քաղաքական օրակարգի ձեւավորմանը եւ բարձրացնելով կուսակցությունների պատասխանատվությունը:

Քաղաքացիներին առաջարկվում է ձեւակերպել եւ ներկայացնել իրենց հուզող կամ իրենց կողմից կարեւորվող խնդիրները 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում առաջադրվող քաղաքական կուսակցություններին կամ կուսակցությունների դաշինքներին: Դրանք հետագայում կփոխանցվեն հասցեատերերին` նրանց նախընտրական ծրագրերում արտացոլվելու ակնկալիքով: Առավել հետաքրքիր հարցերը կընտրվեն եւ կուղղվեն քաղաքական գործիչներին ապրիլ ամսին նախատեսվող հեռուստահաղորդումների ընթացքում:

Ծրագիրը նախատեսում է հավաքել հարցադրումներ 800 բնակիչների շրջանում` Հայաստանի 50 բնակավայրերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG