Մատչելիության հղումներ

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ այս պահին մարզերում հարուցված վարույթներով «Հայջրմուղկոյուղի» ընկերության օգտին պետք է բռնագանձվի ավելի քան 96 միլիոն դրամ:

Միայն Արարատի մարզի Դաշտավան գյուղում 570 տնտեսություն ընկերությանը իբրեւ նախորդ տարիների պարտք պետք է վճարի 39 միլիոն դրամ: Նույն խնդիրն առկա է այդ մարզի 19 գյուղերում:

«Հայջրմուղկոյուղի» ընկերության հայցերի եւ վճարման կարգադրությունների հետեւանքով Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը գյուղական տնտեսությունների գույքի վրա կալանք է դրել, կարգադրել է ամեն ամիս բռնագանձել գումար, որը շատ դեպքերում կազմում է բաժանորդների ստացած կենսաթոշակի 30 տոկոսը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում քաղաքացիական իրավունքի մասնագետ Կարեն Մեժլումյանը կարծիք հայտնեց, որ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը հայցեր է ներկայացրել դատարան` շրջանցելով վաղեմության հանգամանքը:

Ջրամատակարար ընկերությունը, հիշեցնենք, համարում է, որ գյուղացիները պարտքեր ունեն 2004 թվականից ի վեր:

«Վերջին երեք տարվա վրա չի կարող տարածվել, բայց դրանից առաջ ժամանակահատվածի վրա կարող է տարածվել հայցային վաղեմության ժամկետ», - ասաց Մեժլումյանը:

Բաժանորդները պնդում են, որ պարտքերն անհիմն են: Շատերն իբրեւ փաստարկ ներկայացնում են վճարման անդորրագրերը, իսկ «Հայջրմուղկոյուղի»-ին չի ընդունում գյուղացիների պնդումները եւ վկայաբերում է պարտքերի կուտակման գրաֆիկը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ է անտեսվել հայցային վաղեմության ժամկետը, «Հայջրմուղկոյուղի» ընկերության իրավաբան Մայա Գալուստյանը պատասխանեց. - «Հայցային վաղեմության ժամկետը խախտելու կողմնակիցների թվին ես չեմ դասվում: Եթե անգամ 2004 թվականից յուրաքանչյուր ամիս պարբերաբար ստացել է ծառայություն, կատարել է մասնակի կամ լրիվ վճարում, բայց պարբերաբար ստացել է ծառայություն յուրաքանչյուր ամիս: Այդ դեպքում որտեղի՞ց սկսվեց հայցային վաղեմության ժամկետը, որտե՞ղ ընդհատվեց եւ արդյո՞ք ընդհատվեց»:

Մեժլումյանը, մինչդեռ, ասաց, որ այդ հարցերի պատասխանը պարզ գրված է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում: Նա հիշեց, որ նման մեկնաբանությամբ ժամանակին ընդդեմ բաժանորդների զանգվածային հայցեր էին ներկայացրել նաեւ «ԱրմենՏել»-ը եւ «Էլեկտրական ցանցեր»-ը:

«Էլի գյուղերում համատարած դիմում էին, էլի այդ հայցային վաղեմության ժամկետի պահանջը ընտրեցինք: Բայց պետք է դա մարդը իմանա: Եթե քաղաքացիները առարկություն ներկայացնեին, նաեւ նշեին, որ հայցի դեմ առարկում են հայցային վաղեմության հիմքով, այդ դեպքում պահանջը կմերժվեր: Սակայն նրանք չեն արել… Եվ հետեւանքը` այդ հարյուրներով անհիմն պահանջները բավարարվել են», - ասաց նա:

Բայց գյուղացիները պնդում են, թե «Հայջրմուղկոյուղու» տեսուչն իրենց խորհուրդ է տվել ընդամենը վճարել հազարական դրամ ամեն ամիս, եւ խնդիր չի լինի: Ու հիմա հազարավոր գյուղացի բաժանորդներ կանգնել են փաստի առջեւ:

Իրավաբանները նշում են, որ ելքեր կան. բաժանորդներն իրավունք ունեն դիմել դատարան` վկայակոչելով նոր ի հայտ եկած հանգամանքներ:

«Հայջրմուղկոյուղի» ընկերության հետ կապված այս պատմությանն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որտեղից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ հարցի ուսումնասիրությունն ընթացքի մեջ է:

Բաժանորդները վրդովված ասում են, որ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը ջրի 80 տոկոս կորուստը նվազեցնելու փոխարեն ձեռք է մեկնում ծերերի թոշակներին:

Ուշագրավ է, որ ջրի կորստի պաշտոնական տվյալը տարիներ շարունակ չի փոխվում: Մինչդեռ ջրային տնտեսությունն անընդհատ խոշոր վարկեր է ստանում միջազգային դոնորներից:

Այս կապակցությամբ տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Ջրային տնտեսությունը մեր արտաքին պարտքը կուտակելու գործում առաջատար է եղել միշտ: Մարզերում ջրային տնտեսության խնդիրը մի քիչ ուրիշ էր. պետությունը, որպես կանոն, դոտացիա էր տալիս: Եվ փոխանակ աշխատեն, իրենց գերադասում են ծախսել դոտացիան, վարկային միջոցները, իսկ բնակչության վրա կուտակել բազմապատկվող պարտքեր: Մեր ջրային տնտեսությունը չի կարողանում ուղղակի կառավարել իր ոլորտը»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG