Մատչելիության հղումներ

Համամասնականի շուրջ լսումները փետրվարի 15-ին կանցկացվեն


Armenia - A session of parliament, undated
Armenia - A session of parliament, undated
Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը չորեքշաբթի օրը որոշեց, որ փետրվարի 15-ին 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցում կատարելու հարցով խորհրդարանում լսումներ կանցկացվեն:

Այս առաջարկով Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին էին դիմել նախաձեռնության համահեղինակ, խորհրդարանական ընդդիմության` Դաշնակցության եւ «Ժառանգության» ներկայացուցիչները, նրանց միացել էր նաեւ իշխող կոալիցիայի անդամ «Բարգավաճ Հայաստան»-ը: Սակայն «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը համոզված է, որ լսումների հնարավորություն տալը Հանրապետականի դիրքորոշման փոփոխություն չի նշանակում:

«Պարզապես անբնական կլիներ, եթե Ազգային ժողովի երեք խմբակցություններ ներկայացնեին լսումներ անցկացնելու առաջարկ, եւ հավանական չէր լինի դա մերժել, որովհետեւ, ըստ էության, ԱԺ-ի քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը առաջարկում է քննարկել այն լսումների միջոցով: Հանրապետականը առավելապես առաջնորդվեց այս փաստով», - ասաց Սաֆարյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հանրապետական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը, Հանրապետականը քննարկել էր հարցը խմբակցությունում եւ որոշել, որ դեմ չէ խորհրդարանական լսումներ անցկացնելուն, սակայն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցի վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը չի փոխվել: Հանրապետականը դեմ է ընդդիմության առաջարկին, եւ դա արտահայտելու են քվեարկությամբ:

«Մենք պատրաստ ենք լսումներ անցկացնել, որպեսզի այլ շահարկումների տեղիք չտանք», - ասաց Սահակյանը:

Լսումներ պահանջող խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչները այսօր չէին մասնակցում պետաիրավական հանձնաժողովի նիստին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն փոխել է իր տեսակետը եւ այլեւս կողմ չէ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ լսումներ անցկացնելուն, հավաստիացրեց, թե ԲՀԿ-ն իր տեսակետը չի փոխել, իրենք մասնակցելու են լսումներին, գուցե նաեւ ելույթ ունենան: Սաֆարյանն ասաց, թե դեռ որոշում չունեն, թե ինչպես են քվեարկելու, երբ հարցը արդեն խորհրդարանի դահլիճում քննարկվի, եւ այդ հարցը կքննարկեն միայն լսումներից հետո` հաշվի առնելով կողմ եւ դեմ կարծիքները: ԲՀԿ-ի որոշ պատգամավորներ գործող ընտրակարգը փոխելու վերաբերյալ ծավալված վերջին քննարկումների ընթացքում կողմ են արտահայտվել հարցին: Ավելին` ԲՀԿ-ի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը մի քանի անգամ հղում է կատարել կուսակցության ծրագրին, որտեղ նշված է, որ պետք է աստիճանաբար անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, սակայն նրանց հավաքական դիրքորոշումը դեռ պարզ չէ:

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը այսօր հավաստիացրեց, թե միջանցքային տարբեր խոսակցությունների ժամանակ որոշ հանրապետականներ եւս կողմ են արտահայտվում մեծամասնական ընտրակարգը վերացնելու հարցին: Սակայն Սաֆարյանը կարծում է, որ քվեարկության ժամանակ նրանք դժվար թե սիրտ անեն իրենց տեսակետն արտահայտել:

«Քանի որ քվեարկությունը բաց է, մի փոքր դժվար է ասել, որ նրանք կկարողանան քվեարկել իրենց խղճի մտոք: Նրանք, բնականաբար, առաջին հերթին կառաջնորդվեն իրենց կուսակցության դիրեկտիվներով, ինչպես որ արել են շատ դեպքերում` կողմ քվեարկելով մի բանի, որին իրենք դեմ են, հատկապես երբ խոսքը վերաբերվում է Հանրապետական կուսակցությանը առավելություն տվող հանգամանքին, ինչպիսին 41 մեծամասնական տեղերն են», -ասաց Սաֆարյանը:

Մինչեւ խորհրդարանական լսումների առաջարկով հանդես գալը, Դաշնակցությունն ու «Ժառանգություն»-ը մեծամասնական ընտրակարգը վերացնելու մասին Ընտրական օրենսգրքում փոփոխություններ դրեցին շրջանառության մեջ: Այն ընդդիմադիր դաշտի, այդ թվում` Հայ ազգային կոնգրեսի աջակցությունը ստացավ: Կառավարությունը, սակայն, եզրակացություն չի տվել օրինագծին, ուստի դեռեւս պարզ չէ, թե երբ այն կքվեարկվի ԱԺ-ի լիագումար նիստում: Մինչ այդ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում լսումներ տեղի կունենան:

Հանրապետականի ներկայացուցիչներն այսօր ասում էին, որ առաջիկա լսումներին բոլորն են հրավիրված լինելու` նաեւ արտախորհրդարանական ընդդիմությունը:

please wait

No media source currently available

0:00 0:04:10 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG