Մատչելիության հղումներ

Տրանսպորտի եւ կապի նախարարության համար սահմանված այս տարվա առաջին գերակայությունը Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային ճանապարհի շինարարությունն է: Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, այս տարի երկաթգծի կառուցման նախագծային աշխատանքները պետք է ավարտին հասցվեն եւ սկսվի շինարարությունը:

Նախարարը նաեւ անդրադարձավ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի եւ ազատ տնտեսական գոտու մոտեցման տրանսպորտային ենթակառուցվածքների ծրագրին, որն անցյալ տարի հավանության էր արժանացել կառավարության կողմից: Համաձայն փաստաթղթի, մշակվել է դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան տանող երկաթուղային նոր գծի ծրագիծ, որը թույլ կտա միեւնույն երկաթուղային գծով, արագընթաց գնացքի միջոցով կապ հաստատել «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորատար տերմինալը` Չարբախ մետրոպոլիտենի կայարանի, իսկ բեռնային համալիրը «Կարմիր բլուր» կայարանի հետ: Ծրագծի երկարությունը մոտավորապես 7.5 կմ է: Ծրագծի կառուցման արժեքը, առանց հաշվի առնելու օտարման համար անհրաժեշտ գումարը, կկազմի մոտ 5 միլիոն դոլար:

«Ամբողջ աշխատանքը պետք է իրականացվի ոչ թե պետական բյուջեի, այլ պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում: Մեր խնդրանքով օդանավակայանը արդեն կնքել է պայմանագիր` պատվիրելով նոր երկաթգծի կառուցման խնդիրները, որով նաեւ ուղեւորափոխադրումներ կիրականացվեն դեպի մետրոյի կայարան: 60 աշխատանքային օրվա ընթացքում նախագիծը կավարտվի, եւ կսկսենք արդեն բանակցություններ կառուցման հետ կապված օդանավակայանի կոնցեսիոների եւ երկաթգծի տնօրինության հետ», - ասաց նախարարը:

Նախարարության համար որպես առաջնահերթություն ճանաչված մյուս ուղղությունն առնչվում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհին:

«Մենք նախատեսում ենք այս տարի ամբողջական ֆինանսական ռեսուրսների հարցը լուծել եւ ամբողջական նախագիծ ունենալ Բավրայից մինչեւ Մեղրի ընկած հատվածում: Այսօր առաջին, երկրորդ եւ տրանշների հարցը լուծված է: Շինարարությունը նախատեսում ենք սկսել ապրիլ ամսից, դա վերաբերվելու առաջին եւ երկրորդ տրանշներին, այսինքն Երեւան-Աշտարակ, Աշտարակ-Թալին, եւ Երեւան – Արարատ ուղղությամբ», - ասաց Վարդանյանը:

Նախարարության այս տարվա գերակայությունների թվում է նաեւ «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերությունը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու կամ վարձակալության հանձնելու գործընթացի իրականացումը եւ ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համարկարգին անցնելու միջոցառումների ծրագրի իրականացումը:

«Վերջին գերակա խնդիրը, որ մենք հաստատել ենք, վերաբերվում է հեռուստատեսության հեռարձակման թվայնացման խնդիրներին: Այստեղ եւս սահմանել ենք այն բոլոր խնդիրները, որ ցանկանում ենք իրականացնել: Ներկայումս քննարկումներն ընթանում են երկու ուղղությամբ` ինչպիսի մրցույթ կազմակերպենք, այսինքն մենք ունենք կառավարության կողմից հաստատված առաջին տարբերակը, որտեղ ասում ենք` ով ամենաէժան գնով կիրականացնի մեր թվայնացման խնդիրները, եւ երկրորդը, ով կբերի լավ առաջարկ մեր թվայնացման խնդիրները իրականացնելու համար: Այս հարցը լուծելուց հետո կհայտարարվի մրցույթ», - տեղեկացրեց նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG