Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պատրաստվում է նոր քաղաք կառուցել


Ադրբեջան - Khazar Islands-ի նախագիծը
Ադրբեջան - Khazar Islands-ի նախագիծը
100 միլիարդ դոլար` այսքան է նախատեսում ծախսել Ադրբեջանի կառավարությունը Կասպից ծովի ափին գտնվող նոր քաղաքի շինարարության վրա:

Khazar Islands կոչվող այս քաղաքը գտնվելու է Բաքվից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա, ունենալու է մեկ միլիոն բնակիչ եւ փորձելու է մրցել, նախեւառաջ, Միացյալ Էմիրություններում գտնվող Դուբայի հետ, պնդում են նախագծի հեղինակները:

Ադրբեջանական կառավարությունը խոստանում է, որ Khazar Islands-ում կառուցվելու է աշխարհի ամենաբարձր երկնաքերը, շուրջ 150-կիլոմետրանոց ամենաերկար պուրակն ու «Ֆորմուլա - 1» ավտոմրցաշարի համար նախատեսված մարզահամալիրը:

Բաքվեցի անկախ փորձագետների կարծիքով, սակայն, նախագիծը տնտեսական հաշվարկների արդյունք չէ:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազույցում տնտեսագետ Նատիգ Ջաֆարլին ասում է. - «Անկեղծ խոստովանեմ` որեւէ տնտեսական հիմնավորում գոյություն չունի: Այն բանից հետո, երբ հրապարակվեցին նախնական թվերը, տպավորություն ստեղծվեց, որ սա մեր իշխանությունների հերթական PR-ակցիան է: Մեր իշխանությունը նման բաներ սիրում է: Ուզում էին աշխարհում ամենաբարձր դրոշը կանգնեցնել, հետո պարզվեց, որ այն երկրորդ տեղում է: Մյուս կողմից, միայն PR-ով այս ամենը չես բացատրի, քանի որ նախագիծը ահռելի ծախսեր է պահանջում: Որեւէ հստակություն, սակայն, չկա, թե որտեղից են գալու այդ ներդրումները»:

Նախատեսվում է, որ պաշտոնական Բաքուն բյուջետային միջոցներից հատկացնելու է 30-35 միլիարդ դոլար: Եվս 60 միլիարդ նախատեսվում է հավաքագրել մասնավոր ներդրումների շնորհիվ:

Khazar Islands-ի շինարարությունը, ըստ պաշտոնական աղբյուրների, իրականացնելու է ադրբեջանական Avesta ընկերությունը, որի մասին մինչ օրս որեւէ տեղեկություն չի եղել: Շրջանառվող լուրերի համաձայն` այս ընկերության հիմնադիրը Նախիջեւանից սերող Իբրահիմովների ընտանիքն է, որը սերտ կապեր ունի նախագահ Ալիեւի հետ:

Ինչ վերաբերում է արտերկրյա ներդրումներին, ապա դրանց ներգրավումը, Նատիգ Ջաֆարլիի կարծիքով, շատ խնդրահարույց կարող է լինել։

«Ներդրումային միջավայրն Ադրբեջանում շատ վատն է: Դատարաններն անկախ չեն: Ցանկացած բիզնես կարող է պետության կողմից հարձակման ենթարկվել, այն ընդհանրապես կարող են խլել գործարարի ձեռքից: Այնպես որ, չեմ կարծում, որ ի հայտ գան այդպիսի ազդեցիկ գործարար շրջանակներ, որոնք ի վիճակի կլինեն նման լուրջ ֆինանսական միջոցներ ներդնել, հատկապես հաշվի առնելով համաշխարհային տնտեսությունում առկա կացությունը: Ամեն դեպքում, Khazar Islands նախագծի շահութաբերությունը լուրջ հարցականի տակ է», - նշում է Ջաֆարլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG