Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները հանդիպում են Հայաստանի քաղաքական ուժերի հետ


Հայաստանում են ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Ընտրությունների դեպարտամենտի փոխղեկավար Նիկոլա Շմիդտը եւ ընտրությունների խորհրդատու Ռաուլ Լուչիան Մուրեշանը, որոնք երեկ հանդիպել են Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ։

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հյուրերը տեղեկացրել են, որ իրենց այցելության նպատակը առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության անհրաժեշտության ու նպատակահարմարության մասին ԵԱՀԿ-ի ղեկավարությանը զեկուցելն է: Պաշտոնական Երեւանի համապատասխան հրավերից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը որոշում է կայացնելու դիտորդական առաքելության կազմի եւ ժամկետների մասին:

Դրական գնահատելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների մասնագիտական պատրաստվածությունը` Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հաստատել է Կոնգրեսի ցանկությունը ընտրություններին հնարավորինս մեծ դիտորդական առաքելության ժամանման հարցում: Ընդդիմադիր շարժման գրասենյակի հաղորդագրության համաձայն, Զուրաբյանը նաեւ ներկայացրել է ընտրական գործընթացի` Կոնգրեսի կողմից պատրաստված բարեփոխման պլատֆորմը:

«Ժառանգություն» կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչները Ազգային ժողովում կայացած հանդիպման ժամանակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներին են ներկայացրել ընտրական հանձնաժողովների կազմավորմանը, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների լիցենզավորմանը, թեկնածությունների գրանցմանը, կուսակցությունների ֆինանսավորմանը, 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու կապակցությամբ «Ժառանգություն» - Դաշնակցություն համատեղ օրենսդրական առաջարկությանը, կուսակցությունների եւ պետական ռեսուրսների տարանջատմանը վերաբերող հարցերը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG