Մատչելիության հղումներ

Հուլիսին կավարտվի անցումը տեղեկատվական նոր բազային


Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն այս տարվա հուլիսին կավարտի տեղեկատվական հին բազայից անցումը նոր` միասնական տեղեկատվական բազային:

«Անցած տարվա աշխատանքները մեզ թույլ տվեցին, որպեսզի նոր բազայի ստեղծման եւ այս ինտեգրման գործընթացի ընթացքում բացառենք կրկնակի կենսաթոշակների նշանակումը», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: - «Արդեն իսկ ունենք առաջին քայլերը. հին բազան ինտեգրելով նոր բազա, մեզ նոր բազան դուրս հանեց եւ տվեց կրկնակի կենսաթոշակներ: Մարդիկ, որոնց կենսաթոշակ էր նշանակված, ենթադրենք, ե'ւ Սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից, ե'ւ Պաշտպանության նախարարության կողմից կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից: Որոնք տարիներ շարունակ ստացել էին կրկնակի կենսաթոշակներ: Նոր բազան այսուհետ բացառելու է նման երեւույթները»:

Նախարարի վստահեցմամբ` այսօրվա բազայում բացառվելու է մահացած կենսաթոշակառուների առկայությունը». - «Մահանում է կենսաթոշակառու, մահը գրանցվեց ԶԱԳՍ-ի մարմիններում, առցանց եղանակով միանգամից համակարգչի միջոցով դադարեցվելու է նման կենսաթոշակառուի` հաջորդ ամսվա վճարային ցուցակներում հայտնվելու հնարավորությունը: Նույնը` եթե ՀՀ քաղաքացին բացակայում է հանրապետությունից. հատեց սահմանը, ֆիքսվում է սահմանային անցակետի տեղեկատվական բազայում, եւ մենք առցանց եղանակով ստանալու ենք նույն ինֆորմացիան, եւ անմիջապես կդադարեցվի կենսաթոշակառուին հաջորդ ամսվա վճարային ցուցակներում ընդգրկելու հարցը»:

Տեղեկատվական բազայի ճշգրտմանն ուղղված 2011 թվականին իրականացված աշխատանքների արդյունքում, նախարարի խոսքով, շուրջ «520 հազար գրանցված կենսաթոշակառուներից այսօր ունենք գրանցված 509 հազար կենսաթոշակառուներ»:

Նախարարի խոսքով, դա ներառված է նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Հատկապես կարեւոր գործերի վարչությունում քննվող քրեական գործում:

«Ինձ թույլ չեմ տա ժամանակից շուտ խոսել այդ մասին», - հավելեց Գրիգորյանը: - «Ինձ թվում է այդ մասին կխոսեն իրավապահ մարմինները, երբ կավարտվի նախաքննությունը… Եվ բոլորիս համար, այդ թվում նաեւ ինձ համար պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել տարիների ընթացքում կենսաթոշակային համակարգում: Որեւիցե մեկը այսօր չի կարող ասել, թե ինչքան գումար է վճարվել, ինչի համար է վճարվել, ով է մահացած եղել եւ այլն, եւ այլն: Այդ առաքելությունը պատկանում է միայն իրավապահ մարմիններին»:

Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ նոր ձերբակալություններ հարուցված քրեական գործով չեն եղել:

Անցած տարեվերջին կառավարությունն ընդունել է «Անձի պահպանված աշխատունակության աստիճանի որոշման հիման վրա հաշմանդամության սահմանման մոդելին անցնելու հայեցակարգ»: Գործող մոդելով հաշմանդամ են ճանաչվում հիվանդության, վնասվածքների կամ խեղման հետեւանքով կենսագործունեության սահմանափակում ունեցող անձինք: Հաշմանդամության խմբերը սահմանում է բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը: Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին տրվում է հաշմանդամության խումբ (1 ին, 2-րդ եւ 3-րդ), իսկ մինչեւ 18 տարեկան երեխաներին` «հաշմանդամ երեխայի» կարգավիճակ: Հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով, երկու տարի ժամկետով, մինչեւ անձի 18 տարին լրանալը եւ անժամկետ:

Նոր հայեցակարգով, նախարարի պարզաբանմամբ, սահմանվում է հետեւյալը. - «Հաշմանդամ կճանաչվեն այն քաղաքացիները, որոնք կունենան աշխատունակության կորստի համապատասխան տոկոս: Եվ ըստ աշխատունակության կորստի նոր որոշվելու է նրա հաշմանդամության խնդրի վերաբերյալ հարցը: Քաղաքացին կճանաչվի հաշմանդամ, սակայն, հաշվի առնելով, որ նա ունի պահպանված աշխատունակություն, օրինակ, ութսուն տոկոսի չափով, նա կօգտվի հաշմանդամության համար տրվող սոցիալական այն աջակցությունից, որ տրամադրում է պետությունը: Սակայն հաշմանդամության կենսաթոշակ չի տրվի քաղաքացուն, այլ զուգահեռ նրան պետք է առաջարկվի համապատասխան աշխատանք` ըստ իր առողջական վիճակի»:

Ի դեպ, Հայաստանն ընտրել է Լիտվայում գործող մոդելը, որն այդ երկրում ներդրվել է 2004 թվականից: Ըստ նախարար Արթուր Գրիգորյանի, նոր մոդելը գործելու է 2013 թվականից:

Իսկ այս տարվանից Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը խոստանում է մատուցվող ծառայությունների եւ սպասարկման որակի աննախադեպ բարձրացում:

XS
SM
MD
LG