Մատչելիության հղումներ

Նախարարն անդրադարձավ զինվորի մահվան վերջին դեպքին


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ֆրանսիական համալսարանում, 31 հունվար, 2012
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ֆրանսիական համալսարանում, 31 հունվար, 2012
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով բանակում մի քանի օր առաջ տեղի ունեցած մահվան դեպքին, նշեց, թե այն տեղի է ունեցել զինվորական ծառայության, ինչպես նաեւ միջանձնային հարաբերությունների խախտման հետեւանքով:

«Դիրքում կանգնած զինվորները եւ գետնատնակի մոտ կանգնած զինվորները արթուն հերթապահություն են տանում: Այս վերջին դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության եւ նաեւ միջանձնային հարաբերությունների պայմանների խախտման արդյունքում: Այսօր հարուցվել է քրեական գործ, բանակի, ռազմական ոստիկանության եւ քննչական ծառայության բոլոր աշխատակիցները այդ ուղղությամբ աշխատում են», - ասաց նախարարը:

Հունվարի 27-ին Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկի մարտական դիրքում սպանվել էր զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Փայլակ Շահնազարյանը: Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը: Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը եֆրեյտորի նկատմամբ մեղադրանք է առաջադրել «Սպանություն» հոդվածով եւ նրա նկատմամբ կիրառել երկամսյա կալանք:

Դեպքը տեղի է ունեցել գիշերը մարտական հենակետում, որտեղ զինվորները պաշտպանում են սահմանն ու մարտական դիրքերը: Նախարարը չմանրամասնեց, թե ինչ դրդապատճառներ է ունեցել դեպքը: Նա միայն նշեց, որ այն կատարվել է ոչ միայն զինվորական ծառայության պայմանների խախտման, այլեւ դաստիարակության պակասի հետեւանքով:

«Զինվորական ծառայության պայմանների չիմացության, դաստիարակության պակասի, ամենակարեւորը` մեկը մյուսի չհանդուրժելու [հետեւանքով]», - ասաց Սեյրան Օհանյանը:

«Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, թե արդյո՞ք նախարարը պատրաստվում է պատասխանատվության ենթարկել սպայական կազմից որեւէ մեկին, Օհանյանն ասաց, թե դա պարզ կդառնա քննության արդյունքում:

Պաշտպանության նախարարը այսօր հանդիպում էր Ֆրանսիական համալսարանի ուսանողների, դասախոսական կազմի ու ռեկտորի հետ: Խոսելով հայոց բանակի ձեռքբերումների մասին` նա, ուսանողներից մեկի հարցին ի պատասխան, անդրադարձավ նաեւ բանակում տեղի ունեցող արտակարգ դեպքերին: Նախարարն ասաց, որ բանակում տեղի ունեցող արտակարգ պատահարների հիմնական պատճառներից մեկը միջանձնային հարաբերություններն են եւ տարբեր դաստիարակության հետ կապված խնդիրները:

«Մեծ քանակության տղաներ, երիտասարդ ավյուն, ինքնահաստատման պահեր, որը բերում է նրան, որ միջանձնային հարաբերությունների մեջ երբեմն սխալներ են լինում, վեճ է առաջանում, եւ այդ վեճի արդյունքում լինում է նաեւ զենքի կիրառում: Հիմնականում սրա պատճառը նաեւ այն է, որ շատ երիտասարդներ հասարակությունից փողոցային, գողական բարքեր սովորած են գալիս», - ասաց Օհանյանը:

Նախարարը նաեւ ասաց, որ իրենք պետք է կարողանան հերքել այն տարածված տեսակետը, որ բանակը հասարակության հայելին է, եւ որ բոլոր երկրների բանակներում են տեղի ունենում արտակարգ պատահարներ:

«Եվ մենք ձգտելու ենք այնպիսի աշխատանք ծավալել, որ փակենք այդ ճանապարհը, որ հասարակությունից այս կամ այն կերպ փողոցային գողական բարքերը ներս են մտնում բանակ», - ասաց նա:

Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, սակայն, կարծում է, որ քանի դեռ բանակի ղեկավարությունը սերտաճած է իշխանության հետ, զինված ուժերում կշարունակի տիրել անառողջ մթնոլորտը:

«Իշխանությունները ոչ մի կամք չունեն: Իրե՞նց կբացահայտեն, իրե՞նց մտերիմներին, իրե՞նց փող տվողներին կբացահայտեն: Չէ՞ որ բանակը մեծ փողերի լվացման հետ կապ ունի, եւ այդ շրջանակում փողերը գնում են, ինչու չէ նաեւ իշխանությանը», - ասաց իրավապաշտպանը:

Երեւանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչիկ Գասպարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե բանակը հասարակության հայելին է, նրա մի մասը, եւ այն չի կարող տարբերվել հասարակությունից: Հոգեբանի խոսքով` հասարակության արժեքային համակարգը փոխվել է, եւ մարդիկ ավելի շատ կարեւորում են նյութական արժեքները:

«Մենք ավելի շատ կարեւորություն ենք տվել նյութականին: Ինչ, որ մեզ մոտ պակասում է, դրան ենք ուժ տվել, իսկ այդ ընթացքում հոգեւոր արժեքները սկսել են հետ գնալ», - ասաց Գասպարյանը:

Հոգեբանը մատնանշում է երկու տարի առաջ ուսանողների շրջանում անցկացված հարցման արդյունքները, համաձայն որի ուսանողների մեծ մասը չի ճանաչում ազգային հերոսներին: Հոգեբանը, հույս ունի, որ այսպես չի կարող մնալ, եւ կգա մի օր, երբ հասարակությունը հաշվի կնստի հոգեւոր արժեքների հետ:
Նրա կարծիքով` այս պարագայում պատասխանատվություն են կրում հասարակական բոլոր կառույցները, հասարակության յուրաքանչյուր անհատ:

please wait

No media source currently available

0:00 0:04:55 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG