Մատչելիության հղումներ

Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի հովանու ներքո գործող «Ռետրո» պարային ակումբի կազմակերպած արգենտինական տանգոյի մեկշաբաթյա դասերին մասնակցեցին 30 զույգեր:

Հայ երիատասարդների մեջ արգենտինական տանգոյի սիրահարների թիվն աճում է:
Արգենտինական տանգոյի նրբություններն ու կանոններն իրենց սովորեցրեցին լատինամերիկյան պարաձևի ՀՀ կրկնակի չեմպիոններ Դիանա Տվերդոխլեբն ու Դավիթ Սարգսյանը:

Միանգամայն անտեղյակ լինելով արգենտինական տանգոյի շարժումներից` մասնակիցները սովորեցին որոշ հետաքրքիր հմտություններ ու տանգոյի շնչով համակված` մեծ ցանկություն հայտնեցին հետագայում շարունակելու տանգոյի դասընթացներին հաճախելը:

Իրականում պարուսույցները նախատեսել էին աշխատել մոտ 10 զույգի հետ, բայց ցանկացողները, պարզվեց, այնքան շատ էին, որ երկու օրում միանգամից 30 զույգ գրանցվեց: Նրանց բաժանեցին երեք խմբի եւ պարբերաբար աշխատեցին բոլորի հետ: Դավիթը նշում է, որ չի կարելի ասել, թե մասնակիցները սովորեցին հենց տանգո պարել, ընդամենը` կարեւոր տարրեր, որոնք պատկերացում են տալիս տանգոյի մասին. - «Ես եւ զուգընկերուհիս որոշեցինք անցկացնել արգենտինական տանգոյի դասեր, քանի որ զգում էինք, գիտեինք, որ ցանկացողները, սիրողները շատ-շատ են»:

Դասընթացների մասին երիտասարդները իմացել են Facebook սոցիալական կայքի միջոցով: Եկել են նաեւ պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու:

«Մեր զույգը կազմվել է Արմենի շնորհիվ: Արմենը իմ մորաքրոջ տղան է, ինքը որոշեց, որ ամենաբոյով աղջիկը ես եմ, սակայն ինձ մոտ էդքան էլ չի ստացվում, բայց ուրախ եմ, որ պարում ենք իրար հետ»,- ժպտալով նշեց մասնակիցներից Ամալյան:

Դավիթը նշում է, որ արգենտինական տանգոն այդքան էլ մեծ տարածում չունի Հայաստանում, սակայն ակնկալում էր, որ շատ երիտասարդներ կհետաքրքրվեն առաջարկով ու մասնակցության ցանկություն կհայտնեն:

XS
SM
MD
LG