Մատչելիության հղումներ

Օբաման եւ Սահակաշվիլին առաջին անգամ հանդիպեցին Սպիտակ տանը


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը ողջունում է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին, Վաշինգտոն, 30-ը հունվարի, 2012թ.
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը ողջունում է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին, Վաշինգտոն, 30-ը հունվարի, 2012թ.
Երկկողմ վրաց - ամերիկյան հարաբերություններն ու ժողովրդավարության վիճակը Վրաստանում` սրանք էին այն հիմնական խնդիրները, որոնց անդրադարձան երկու պետությունների ղեկավարները երկուշաբթի օրը Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում:

Սա Միխեիլ Սահակաշվիլիի առաջին այցելությունն էր Սպիտակ տուն Բարաք Օբամայի պաշտոնավարման երեք տարիների ընթացքում:

Բանակցությունների ավարտին նախ պարզ դարձավ, որ երկու կողմերն էլ առաջիկայում կենտրոնանալու են տնտեսական հարաբերությունների սերտացման, մասնավորաբար` ազատ առեւտրի մասին պայմանագրի մշակման վրա:

«Ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրումը շահավետ կլինի թե՛ Միացյալ Նահանգների եւ թե՛ Վրաստանի համար: Մենք շարունակում ենք հնարավորություններ որոնել, որոնք թույլ կտան մեզ վաճառել մեր արտադրանքն ու ծառայությունները Վրաստանում, նույնն էլ կանի վրացական կողմը մեր երկրում», - նշեց Օբաման:

Սահակաշվիլին, դիմելով իր ամերիկացի գործընկերոջը, նկատեց, որ ազատ առեւտրի մասին վրաց - ամերիկյան համաձայնագիրը նաեւ քաղաքական նշանակություն կունենա. - «Շատ կարեւոր է, որ Դուք Ձեր խոսքում հիշատակեցիք ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, քանի որ դա լուրջ հնարավորություններ կստեղծի մեր երկրի համար եւ ի վերջո կնպաստի Վրաստանում ծավալված պետականաշինության գործընթացին»։

Անդրադառնալով Վրաստանի ներքաղաքական կացությանը` Օբաման հույս հայտնեց, որ այս տարեվերջին այդ երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կլինեն ազատ ու արդար, եւ իշխանության բնականոն փոխանցումը «կամրապնդի այն բոլոր փոփոխությունները, որ տեղի են ունեցել մինչ օրս»:

«Որեւէ բան այլեւս չի կարող մեզ շեղել առաջադիմության այն ուղուց, որ որդեգրել է մեր երկիրը: Ոչինչ չի կարող մեզ ստիպել վերադառնալ պակաս ժողովրդավարական, հետադիմական, կոռումպացված քաղաքական համակարգին կամ նման արժեքներով առաջնորդվող քաղաքական գործիչների դերակատարությանը», - հայտարարեց Սահակաշվիլին։

Հանդիպման ավարտին Վրաստանի նախագահը խոստովանեց. - «Նախագահ Օբամայի հետ բանակցությունների արդյունքները գերազանցեցին մեր սպասելիքները: Մենք հասանք այն ամենին, ինչին նախատեսել էինք հասնել այս բանակցությունների ընթացքում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG