Մատչելիության հղումներ

Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչները պնդում են, թե «Հայջրմուղկոյուղի» ընկերությունն անհիմն պարտքեր է վերագրում իրենց:

«Հայջրմուղկոյուղի»-ն դիմել է դատարան եւ Դատական ակտերի հարկադիր ծառայության վարույթով` գյուղացիների կենսաթոշակներից ի օգուտ ջրամատակարար ընկերության շատ դեպքերում գանձվում է կենսաթոշակի 30 տոկոսը: Բացի այդ, գյուղացիների գույքի վրա կալանք է դրվել, այսինքն ստեղծվել է նույն իրավիճակը, ինչ «Ազատություն» ռադիոկայանը օրերս արձանագրել էր Կոտայքի մարզի Սարալանջ գյուղում: Դաշտավանի բնակիչներն այսօր ցույց էին տալիս վճարման կտրոնները եւ հարցնում, թե ինչո՞վ է առաջնորդվել «Հայջրմուղկոյուղի»-ն` Դաշտավանի ավելի քան 500 տնտեսություններին փաստի առջեւ կանգնեցնելով: Գյուղացիներից ոմանք պատմեցին, որ անցյալ տարի դատարանում այս խնդիրը կարգավորելուց հետո նորից նույն պատմությունը կրկնվում է նույն անձանց դեպքում:

«Առաջինը զգուշացում եկավ, երկրորդը դատարանից եկավ, 35 հազար դրամ մուծեցի, զրոյական թուղթը պահանջեցի, վերցրեցի, կռվով-դավով, ու հիմա երրորդ նամակն է եկել վրաս», - պատմում էր գյուղի կենտրոնում բողոքող գյուղացիներից մեկը:

«Հայջրմուղկոյուղի» ընկերության Մասիսի տեղամասային պետ Սամվել Համբարձումյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չընդունեց գյուղացիների` անհիմն պարտքեր վերագրելու մասին պնդումները:

«Չկա նման բան, ովքեր ջրաչափեր են տեղադրել, կատարվել է մինչեւ 2004 թվականի պարտքերի վերահաշվարկները, իսկ ովքեր չենք տեղադրել ջրաչափեր, կառավարության որոշմամբ կատարվել է խողովակի կտրվածքի հաշվարկներ», - ասաց Համբարձումյանը եւ հավելեց. - «Եթե մարդը խողովակի կտրվածքով պետք է վճարեր 8000 դրամ, ինքը վճարել է 1000 կամ 1500 դրամ, իսկ մնացածը պարտք է մնացել»:

Գյուղացիներին վերագրվող պարտքերն անհիմն համարեց նաեւ բողոքի ակցիային ներկա, հանրապետական գյուղապետ Սերյոժա Խաչատրյանը:

«Մարդիկ իրենց վճարումները կատարել են: Իմ վրա էլ եկել է 86 հազար դրամի պարտք, տարա մուծեցի, որ խայտառակ չլինեի, բայց չեմ ուզում, որ գյուղացիներն էլ մուծեն: Ես կարող է հնարավորություն ունեմ, մուծել եմ, որպեսզի վերեւներից կանչեն, չասեն գյուղապետն էլ պարտք ունի: Ամեն տեղ բողոքել ենք, գրել են, մարզպետը զբաղվում է այդ հարցերով», - ասաց Խաչատրյանը:

Դաշտավանում այս խնդիրը կար նաեւ անցյալ տարի: Այն ժամանակ միջամտել էր մարզպետը, եւ «Հայջրմուղկոյուղի»-ն դադարեցրել էր դատարան դիմումների հոսքը: Իրավիճակին այսօր տեղում ծանոթացավ մարզպետի խորհրդական Գարիկ Վարդանյանը: Նա ասաց, թե իրականում անհիմն են «Հայջրմուղկոյուղու» պնդումները պարտքեր մասին:

«Տեսուչը եկել է, ասել է 1000 դրամ մուծի, պարտքդ փակվում է, դրանից հետո իրենք հաշվարկել են խողովակի կտրվածքով, պարտքը կազմել է 7000 դրամ, դրանից հանել են 1000 դրամ, 6000 պարտք են գրել էս մարդկանց վրա», - ասաց Վարդանյանը:

«Համապատասխան գրություններ ենք արդեն պատրաստել, որ կառավարությանը, «Հայջրմուղկոյուղուն», Ջրային պետական կոմիտեին դիմենք, որ դրա դեմն առնենք: Միայն այս գյուղը չէ, մարզի 19 գյուղերում նույն պրոբլեմը կա», - շարունակեց Վարդանյանը:

Ուշագրավ է, որ «Հայջրմուղկոյուղի»-ն, վաղեմության ժամկետն անտեսելով, հայց է ներկայացրել դատարան: Այս հարցին ի պատասխան` «Հայջրմուղկոյուղու» ներկայացուցիչն ասաց. - «Մենք դիմել ենք, թող գյուղացիներն էլ գային եւ հիմնավորեին, որ իրականում պարտքեր չունեն»:

Դաշտավանի բնակիչները խոստանում են դիմել կտրուկ միջոցների, եթե այս հարցը չլուծվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG