Մատչելիության հղումներ

Հայաստանի նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանը այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում ցանկալի է համարել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի կողմնակից քաղաքական ուժերի կողմից քաղաքացիական շարժում ձեւավորելը։

«Հայաստանում այսօր ստեղծված քաղաքական իրավիճակը հաշվի առնելով` ակնհայտ է, որ ընտրությունները պետք է անցկացվեն բացառապես համամասնական ընտրակարգով: Բայց դա հնարավոր չէ, քանի որ խորհրդարանական մեծամասնությունն անզիջող կեցվածք է ընդունել: Հետեւաբար, ցանկալի կլիներ, որ բոլոր այն ուժերը, որոնք պաշտպանում են համամասնական մոտեցումը` «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես, ՀՅԴ, «Ժառանգություն», Ժողովրդական կուսակցություն, Ազատ դեմոկրատներ եւ այլք, այս հարցի շուրջ առաջիկա խորհրդարանական լսումներից հետո այլեւս ժամանակ չկորցնեն եւ այս ընդհանուր մոտեցումը վերածեն քաղաքացիական շարժման` կենտրոնանալով արդար ընտրություններ անցկացնելու վրա, չբացառելով անգամ այդ ուժերի առավել սերտ համագործակցությունը մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում», - ասված է նախկին արտգործնախարարի հայտարարությունում, որը տարածել է նրա գլխավորած հիմնադրամը։

Նշելով, որ «այսօր միաժամանակ ընթացքի մեջ են մի քանի գործընթացներ», այդ թվում` «քաղաքական դրդապատճառներով ճնշումներ տարբեր կուսակցությունների` հատկապես «Բարգավաճ Հայաստան»-ի վրա», Օսկանյանը դրանցից խորհրդարանի կազմավորման հարցում ամենակարեւորն է համարում ընթացող քննարկումները մեծամասնական-համամասնական տարբերակների շուրջ։

Նախկին արտգործնախարարը նշում է նաեւ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ իր ներգրավվածության մասին խոսակցություններն «անհիմն չեն»: «Բարգավաճ Հայաստան»-ի հետ նման քննարկումներ ունեցել եմ, բայց այլ քաղաքական ուժերի հետ եւս ունեցել եմ քննարկումներ: Այս պահին ես դեռ որոշում չեմ ընդունել եւ կարծում եմ, որ վերջնական որոշման համար դեռ ժամանակ կա: Սակայն բացառված չէ, որ ներքաղաքական գործընթացներն ինձ ստիպեն, որ արագացնեմ որոշումս», - հայտարարում է Օսկանյանը։

Հարցին, թե հնարավոր է, որ նախկին արտգործանախարարը ընդգրկվի «Բարգավաճ Հայաստան»-ի համամասնական ցուցակում, կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ նախ Օսկանյանի պիտի վերջնական որոշում կայացնի. - «Որոշում կայացնելուց հետո մեր քաղաքական խորհուրդը, առաջին հերթին, բնականաբար, մեր կուսակցության ղեկավարի հիմնական կարծիքով նոր կարող է դիտարկվել այդ հարցը»:

Դիտարկմանը, որ նախկին արտգործնախարարը հայտարարության մեջ նշում է «Բարգավաճ Հայաստան»-ի վրա «քաղաքական դրդապատճառներով ճնշումների» մասին, Բոստանջյանը արձագանքեց. - «Փաստերը, կարծես թե, ցույց են տալիս, որ դա այդպես է… [Այդ ճնշումներին] դիմագրավելու խնդիրը շատ բարդ է… Ամեն դեպքում, ցանկալի է, որ հնարավորություններ լինեն դրան դիմագրավելու»:

Ինչ վերաբերում է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի կողմնակից քաղաքական ուժերի կողմից քաղաքացիական շարժում ձեւավորելուն, ապա, ըստ Բոստանջյանի, Ազգային ժողովում կայանալիք լսումների արդյունքները «պետք է դառնան այն հիմքը, որը կարող է հանգեցնել քաղաքացիական շարժման, կարող է` ոչ»:

XS
SM
MD
LG