Մատչելիության հղումներ

logo-print
«Երեւան ջուր» ընկերության նախկին աշխատակիցների փաստաբան Տիգրան Հայրապետյանի ներկայացմամբ, «Երեւան ջրի» դեմ ընկերության նախկին 40 աշխատակիցների ներկայացրած դատական հայցը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը փորձում է «հապշտապ կերպով փակել»` ուշադրություն չդարձնելով իրենց ներկայացրած փաստարկներին:

Հիշեցնենք, որ անցած տարի ապրիլին «Երեւան ջուր» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեյի հրամանով ընկերության Ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության ստորաբաժանման մոտ 40 աշխատակիցներ ազատվեցին աշխատանքից: Վերջիններս անցած տարվա հունիսին դիմեցին դատարան` բողոքարկելով Ռուայեյի որոշումը, քանի որ նախկին աշխատակիցների համոզմամբ` «Երեւան ջուր» ընկերության նախկին գլխավոր տնօրենն իր այդ քայլով խախտել է Հայաստանի Աշխատանքային օրենսգիրքը:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստաբան Տիգրան Հայրապետյանը մանրամասնեց, թե երբ ստորաբաժանման աշխատակիցները Պասկալ Ռուայեյի հրամանով ազատվում էին աշխատանքից, որպես հիմնավորում ներկայացվեց այն, որ «Երեւան ջուր» ընկերությունը ենթարկվել է կառուցվածքային փոփոխության, իսկ նոր կառուցվածքում նշված ստորաբաժանումը այլեւս տեղ չունի: Հայրապետյանը հիշեցրեց անցած տարի հունիսին Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած դեպքը, երբ մի քանի տասնյակ բնակիչներ վարակվեցին ջրից ու տեղափոխվեցին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Ոստիկանությունը քրեական գործ հարուցեց այդ կապակցությամբ, որը, սակայն, հետո սեպտեմբերին կասեցվեց` Քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի 1-ին մասին 1-ի կետի հատկանիշներով, այն է` «հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ»:

Սրանից հետո, ըստ Տիգրան Հայրապետյանի, գլխավոր դատախազությունը` որպես քրեական գործի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, միջնորդագիր է ուղարկում, Երեւանի քաղաքապետարան, քանի որ հենց քաղաքապետարանն է կառավարության ներկայացուցիչը «Երեւան ջուր» ընկերության հետ փոխհարաբերություններում: Դատախազության միջնորդագրում, որը տեղակայված է գերատեսչության պաշտոնական կայքէջում, նշված է. - «Վարձակալության պայմանագրով «Երեւան Ջուր» ընկերությունն ստանձնել է հոսակորուստների որոնման եւ վերահսկողության պարտավորություն, սակայն չի նախատեսել ու չի կատարել ստուգայցեր, պարբերական դիտարկումներ …, ինչը Երեւան քաղաքի ջրամատակարարման ցանցի ոչ բարվոք վիճակի պայմաններում անհրաժեշտ էր [եւ] այդկերպ կկանխվեր մարդկանց զանգվածային հիվանդացման դեպքը»:

Այսպիսով, ըստ փաստաբան Տիգրան Հայրապետյանի, անցած տարի ապրիլին «Երեւան ջուր» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեն իրավունք չուներ լուծարել ընկերության Ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության ստորաբաժանումը ու աշխատանքից ազատել շուրջ 40 հոգու, քանի որ հենց այդ ստորաբաժանումն էլ վերահսկողություն էր իրականացնում ջրի կորուստների հայտնաբերման, ջրի որակի ստուգման հարցերում, ինչը նախատեսված է ընկերության վարձակալության պայմանագրով:

«Այս մարմինը ստեղծված էր նաեւ ջրի որակը ստուգողների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու եւ ստուգայցեր իրականացնելու համար: Մենք միանգամից դիմեցինք դատարան, որպեսզի հայցի հիմքը ավելանա, սակայն դատարանը անհիմն պատճառաբանություններով մեր հայցի հիմքը լրացնելու մասին դիմումը մերժեց, եւ մենք հասկացանք, որ գործը գնում է արագ փակվելու ուղղությամբ», - Տիգրան Հայրապետյանը:

Իսկ ինչ վերաբերում է «Երեւան ջուր» ընկերությունից նշված մոտ 40 հոգու աշխատանքից ազատմանը, ապա վերջիններս համոզված են, որ իրենց աշխատանքից ազատել են ապօրինաբար: Նրանք պնդում են, որ այդ կերպ ընկերության նախկին գլխավոր տնօրեն, ֆրանսիական «Վեոլիա» ընկերության ներկայացուցիչ Պասկալ Ռուայեն իրենցից հաշվեհարդար է տեսել:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընկերության նախկին աշխատակից Միսակ Ավետիսյան նշեց, թե «Երեւան ջրի» ղեկավարությանը ձեռք չէր տալիս իրենց ստորաբաժանման գործունեությունը, քանի որ իր գոյության 8 ամիսների ընթացքում` յուրաքանչյուր ամիս, ստորաբաժանումը հայտնաբերում էր զգալի թվով ջրակորուստներ, եւ ընկերությունը պետք է վերանորոգեր ցանցը: Մինչդեռ, Ավետիսյանի պնդմամբ, ընկերության տնօրինությունը հակված է գումար չծախսել, չվերանորոգել ցանցը, փոխարենը` հորերից ավելի շատ ջուր մղել Երեւան եւ այդ կերպ պահել ջրամատակարարման անհրաժեշտ մակարդակը ու գումար աշխատել:

«Որպեսզի տնօրինությունը այդ քայլերը կատարեր, պետք է ինչ-որ ծախսեր աներ, մինչեւ այսօր իրեն պետք չի եղել, հանգիստ աշխատել է, իր եկամուտը ստացել է, սակայն պայմանագրի կետերից մեկն էլ այդ է, որ պետք է [խողովակը] փոխեն վթարի դեպքում: Իսկ իրենք սպասում են մինչեւ վթար լինի, քանի դեռ վթար չկա, իրենք դեմ չեն առնում», - ասաց Ավետիսյանը:

«Երեւան ջուր» ընկերությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, թե իրենց դիրքորոշումը կներկայացնեն ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG