Մատչելիության հղումներ

«Հայերին այսօրվա դրությամբ վտանգ չի սպառնում»


Սիրիայում վիճակը հետզհետե սրվում է, սակայն լիբանանահայ լրագրողի փոխանցմամբ, մարդկանց զանգվածային տեղաշարժ եւ արտագաղթ չկա։

Երեք օր շարունակ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններում հուժկու փոխհրաձգություն է, եւ արկերի պայթյուններ են որոտում։

Նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքարող ընդդիմադիրների փոխանցմամբ, այդ ընթացքում բանակի գործողությունների հետեւանքով սպանվել է առնվազն 9 մարդ, եւս 45-ը ձերբակալված է։

Երեկ Ասադի բանակի մոտ 2 հազար զինվոր շրջապատել է Դամասկոսին հարող մի թաղամաս, հրասայլերը հրետակոծել են դրա տները այն բանից հետո, երբ հաղորդվել է, որ թաղամասը որոշ ժամանակով անցել է բանակի դասալիքների կազմած զորամիավորման հսկողության տակ։

Այսօր վաղ առավոտյան անվտանգության ուժերը տեղակայվել են Դամասկոսի կենտրոնական հրապարակում եւ դրա հարեւանությամբ գտնվող փողոցներում։

Բացի այդ, բանակը տեղակայվել է Դամասկոսի միջազգային օդակայանի մոտ, որը կարճ ժամանակով դադարեցրել էր աշխատանքը։

Արաբական պետությունների լիգան` երկրում ծավալված բռնությունների հետեւանքով անցած շաբաթ օրը որոշել է ընդհատել դիտորդական առաքելությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը մտահոգություն է հայտնել այդ որոշման կապակցությամբ եւ Ասադին հորդորել է «անհապաղ դադարեցնել արյունահեղությունը»։

Ռուսաստանի արտգործնախար Սերգեյ Լավրովն էլ է քննադատել Արաբական լիգայի որոշումը։

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում գրեթե 10 ամիս շարունակվող բախումների ընթացքում սպանվել է առնվազն 5400 մարդ։

Սիրիայում մեծ թվով հայեր են բնակվում. արդյոք ապահո՞վ է նրանց վիճակը։ Հեռախոսային կապը այդ երկրի հետ հիմա բավական անկայուն է։

Լրատվություն ստանալու խնդրանքով «Ազատություն» ռադիոկայանը դիմել է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» պարբերականի խմբագրապետ Շահան Քանդահարյանին։

Նրա խոսքերով, մտահոգիչ կացություն կա, սակայն հայերին` գոնե այսօրվա դրությամբ, վտանգ չի սպառնում։

«Համայնքի վիճակը կայուն է։ Այնտեղից մարդիկ են գնում-գալիս, եւ` գոնե հայերի առումով, մտահոգիչ տեղեկություններ չեն հայտնել», - ասել է Քանդահարյանը։

Նրա փոխանցմամբ, ընդհանուր մտավախություն, իհարկե, կա: Դրան նաեւ նպաստում է այն, որ «լրատվամիջոցները երբեմն ուռճացված են ներկայացնում պատկերը»։

«Եթե լիներ ժողովրդի զանգվածային տեղաշարժ, արտագաղթ` Լիբանանը Սիրիայից հետո առաջինը պետք է դա զգար, այս պահին նման բան չկա», - ասել է «Ազդակի» խմբագրապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG