Մատչելիության հղումներ

Տուժող կողմը կպայքարի դատավարությունը Երեւան տեղափոխելու համար


Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարություն Երեւանում, արխիվային լուսանկար

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարություն Երեւանում, արխիվային լուսանկար

Արտակ Նազարյանի մահվան գործով հերթական դատավարությունը կշարունակվի երեքշաբթի օրը Իջեւանում: Տուժող կողմը այսօր լրագրողների հետ հանդիպմանը կրկին հայտարարեց, որ նիստերին չի մասնակցի եւ փոխարենն ամեն ինչ անելու է, որ այս գործը քննող դատավոր Սամվել Մարդանյանը փոխվի, դատական նիստերն էլ տեղափոխվեն Երեւան:

Նազարյանի իրավահաջորդի փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասում է, թե արդյունքի հասնելու մեծ հավանականություն կա:

«Շատ մեծ հավանականությամբ արդյունքի կհասնենք, որովհետեւ այդտեղ, շախմատային լեզվով ասած, պատային իրավիճակ է ստեղծվում, որից ելք գտնելը շատ դժվար է: Ի վերջո նրանք տեղի են տալու եւ գործը տեղափոխելու են Երեւան», - ասաց փաստաբանը:

Այսօրվա ասուլիսին ներկա էր նաեւ Նազարյանին ինքնասպանության դրդելու մեջ մեղադրվող երեք զինվորների փաստաբանը: Ալվարդ Մնացականյանը եւս հայտարարեց, թե վաղվա նիստին ինքը չի մասնակցի, բայց անընդմեջ բացակայել չի կարող, քանի որ դատավորն այդ պարագայում իրավունք կստանա իրեն զրկել հետագա մասնակցությունից: Մնացականյանը ամենայն հավանականությամբ, կմասնակցի հետագա նիստերին:

«Օրենքը հստակ նշում է, որ երրորդ անգամ դատարանը կարող է պաշտպանին վարույթից հեռացնել եւ նոր պաշտպան ներգրավել, իհարկե, անընդմեջ բացակայության դեպքում: Այս պարագայում ես տուժողի ներկայացուցիչների համակարծիք եմ, ուղղակի դժվար է իսկապես Տավուշի մարզ գնալ», - ասաց Մնացականյանը:

Մյուս ամբաստանյալի փաստաբան Հրանտ Գեւորգյանը վաղվա նիստին կմասնակցի: Փաստաբան Լեւոն Պողոսյանը, սակայն անձնական խնդիրներ ունենալու պատճառով, վաղը Իջեւան գնալ չի կարող:

Մեկուկես տարի առաջ բանակում մահացած 30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատավարությունը երկու շաբաթ առաջ դատավորը տեղափոխեց Տավուշի մարզ: Դատավորն իր որոշումը պատճառաբանել էր նրանով, որ վկաները գտնվում են այդ մարզում, ինչպես նաեւ նրանով, որ Երեւանի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում հասարակական կարգը պահպանել չստացվեց: Տուժող կողմն ասում է, թե դատավորն այս գործը Տավուշից Երեւան տեղափոխելիս չէր կանխատեսել, որ այն մեծ հրապարակայնություն կստանա, ինչպես նաեւ չէր կանխատեսել այն հանգամանքը, որ տուժող եւ մեղադրվող կողմերը հանդես կգան մեկ ճակատով:

Տուժող եւ պաշտպանական կողմերը պնդում են, որ դատավորը չի կարող պարզել իրականությունը: Տուժողի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը ասում է, թե դատավորը ընդամենը հաստատում է նախաքննության վարկածը եւ պնդում, որ գործը կոծկվում է զինդատախազ Գեւորգ Կոստանյանի ցուցումով:

«Եթե գործով իրոք օբյեկտիվ արդարադատություն կատարվեր, ապա տուժող կողմի համոզմամբ, զինդատախազության, պաշտպանության նախարարության քննչական ծառայության եւ Ռազմական ոստիկանության առնվազն 15-20 աշխատակիցներ պետք է ենթարկվեին քրեական պատասխանատվության` նախաքննության ընթացքում կատարած հանցագործությունների համար: Զինդատախազի ձեռքում են բոլոր այն փաստերը, որոնք ապացուցում են, որ նախաքննության ընթացքում քննիչների դատախազների եւ ոստիկանության աշխատողների կողմից հանցագործություն է կատարվել», - ասաց Մարտիրոսյանը:

Դատավարության կողմերը, բացի մեղադրող դատախազից, կարծում են, որ դատավարությունը, Տավուշի մարզ տեղափոխելով, դատավորն ուզում է գործը տանել նախաքննությամբ հաստատված սցենարով` այն է, Նազարյանին ինքնասպանության են հասցրել նրա հինգ ծառայակիցները Նազարյանի հարազատները, սակայն, պնդում են, որ նրան դաժանաբար սպանել են մարդիկ, ովքեր ամբաստանյալի աթոռին չեն: Այս գործով դատախազ Հարություն Հարությունյան «Ազատություն» ռադիոկայանին, սակայն, հայտնել էր, թե սպանության որեւէ ապացույց այս գործով ի հայտ չի եկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG