Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանի Գլխավոր պողոտային հարող այգում շինարարություն է իրականացվում. մի քանի օր է, ինչ այստեղ ի հայտ են եկել տարբեր չափսերի կրպակներ:



«Մենք ենք այս քաղաքի տերը» եւ «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամները երկու օր առաջ իմացել են, որ այդ կրպակները վերջերս Աբովյան փողոցի մայթեզրերից ապամոնտաժված կրպակներն են, որոնց համար տարածք է հատկացվել այգում:

Այդտեղ իրականացվող շինարարությունը դադարեցնելու պահանջով այսօր այգում բողոքի ակցիա էին իրականացնում «Մենք ենք այս քաղաքի տերը» եւ «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամները:

«Հիմնական մտահոգությունն այն է, որ այգին փաստորեն կորցնում է իր նպատակային նշանակությունը, որովհետեւ այն հանգստյան գոտի է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Գայանե Մելքոմյանը` հավելելով, թե իրենք պահանջում են, որ նշված կառույցներն ապամոնտաժվեն:

Այգում իրականացվող շինարարությունը դեմ էին նաեւ պատահական անցորդներից շատերը:

«Փաստորեն ստացվում է, որ մեր երկրում նախագահի, քաղաքապետի խոստումները ընդամենը կրում են դեկլարատիվ բնույթ, որովհետեւ եթե պետք է Աբովյան փողոցում քանդվեր կրպակները եւ տեղափոխվեր այստեղ` ոչնչացնելով եղած մի փոքր կանաչապատ տարածքը, ստացվում է, որ մեզ մոլորության մեջ են գցում», - ասաց միջին տարիքի մի տղամարդ:

«Բանակցությունների արդյունքում Աբովյան փողոցի որոշ կառուցապատողների եւս` որպես փոխհատուցում, առաջարկվել է այդ հատվածում տաղավարներ տեղադրել` բնականաբար ո'չ կանաչ գոտու եւ ընդհանուր օգտագործման տարածքների հաշվին: Միեւնույն ժամանակ նախատեսվում է ամբողջովին բարեկարգել Գլխավոր պողոտայի այդ հատվածը: Այս համատեքստում քաղաքապետարանի կողմից մշակված է տվյալ տարածքի բարեկարգման, կանաչապատման եւ արտաքին լուսավորության համալիր ծրագրեր», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին մայրաքաղաքի քաղաքապետարանի տեղեկատության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

XS
SM
MD
LG