Մատչելիության հղումներ

Դպրոցականները` ընդդեմ սերիալների


Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշակերտները որոշել են սեփական ուժերով լուծել իրենց անհանգստացնող խնդիրները: Այս անգամ թիրախը սերիալներն են:

Դպրոցի սան 13-ամյա Մարգարիտա Պարսամյանի համոզմամբ` այսօր ճաշակ թելադրողը հեռուստատեսությունն է, իսկ եթե հիմնականում ցուցադրվում են սերիալներ, ապա լավ ու բարձր ճաշակի մասին խոսել ավելորդ է. - «Մեր պայքարը ընդդեմ սերիալների եւ գիտակրթական հաղորդաշարերի ավելացման հետ է կապված: Քանի որ մեր տարիքի երեխաները եւ պատանիները հնարավորություն չեն ունենում դիտել գիտակրթական եւ ուսուցանող հաղորդումներ, հուսով ենք, որ այս պայքարի միջոցով հեռուստատեսությունում կավելանան գիտակրթական հաղորդումները»:

«Բռնություններ, ծեծ ու ջարդ, կոպիտ վերաբերմունք ու արհամարհանք: Սա է սերիալների միջոցով ուսուցանվում հասարակությանը», - նշում է 14-ամյա Իլոնան ու հավելում, որ ունի իր ասածի ապացույցները. - «Ես փոքր եղբայր ունեմ: Մի անգամ նկատեցի, որ սերիալ է նայում եւ սերիալում երկու հոգի իրար են ծեծում: Նա ֆիլմից հետո նույնը կիրառեց իր խաղալիքի վրա: Երբ դա տեսա, որոշեցի միանալ այս խմբին ու բացատրել բոլորին, որ սերիալները վատ ազդեցություն են թողնում»:

Աշակերտները ստորագրահավաք են անցկացնում Երեւանի տարբեր հատվածներում ու նաեւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով: Ստորագրությունների թիվը դեռ ստույգ չգիտեն, մի քանի օրից կհավաքվեն ու կամփոփեն արդյունքները:

Նախաձեռնության հեղինակներից Հակոբ Պարսամյանը նշում է, որ իրենց համար հարկավոր է 4000-ից ոչ պակաս ձայն` իրենց խոսքը համապատասխան մարմիններին հասցնելու համար. - «Ստորագրահավաքի արդյունքները կուղարկենք մշակույթի նախարարություն եւ հնարավոր է նաեւ վարչապետին: Ցանկություն ունենք, որպեսզի սերիալների ժամերը կրճատեն եւ փոխվի բովանդակությունը, որովհետեւ բոլոր սերիալներն ունեն նույն բովանդակությունը: Ես մի քանի անգամ դիտել եմ եւ նկատել եմ, թե ինչ վատ ազդեցություն են թողնում կիրառվող բռնությունը, օգտագործվող վատ բառերը»:

Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրանտներից Խորենը աշակերտներին է միացել «Ֆեյսբուքի» միջոցով: Նշում է` նախաձեռնությունը լավն է ու խրախուսելի: Ինքը նույնիսկ սերիալների պատճառով ստիպված է եղել իր հրաժարվել որոշ հեռուստաալիքներից, քանի որ անընդհատ ալիք փոխելուց ուղղակի ձանձրացել է. - «Ցանկացած բան, որ նայում ես, ինչ-որ դրական բան պետք է տա, չէ՞: Ես էդ սերիալներից ոչ մի դրական բան չեմ տեսնում: Եթե ասում են` աղբ եթերից, երեւի ճիշտ են ասում: Լավ կլիներ դրանք չփաթաթեն մեր վզին, այսինքն թող դրանք լինեն վճարովի կամ հատուկ ալիքներով ցույց տան, ով ուզում է թող նայի, այլ ոչ թե ամբողջ եթերները ողողված լինեն սերիալներով»:

Թիվ 20 դպրոցի հոգեբան Սոֆյա Հովսեփյանը նշում է, որ մի քանի ամիս առաջ Հանրային խորհրդում սկսվել էին քննարկումներ սերիալների շուրջ, ինքն էլ քննարկումների մասնակիցներից է, սակայն ցավում է, որ այդպես էլ ոչ մի դրական տեղաշարժ չեղավ. - «Եթե մենք մտածում ենք, երեխաները գործում են: Իսկապես այս պահին մեզ պետք է գործել, որովհետեւ եթե ամեն մեկս մեր տանը նստենք եւ մտածենք, ամեն մի օրը կկորի: Եվ շատ հետաքրքիր էր, որ արձագանքներ եղան մարզերից եւ ստորագրահավաք է անցկացվում նաեւ մարզերում` Շիրակում, Լոռիում, երեկ առաջարկեցին նաեւ Տավուշի մարզում, Գերղարքունիկում: Այսինքն սա նաեւ մարզային դարձավ»:

XS
SM
MD
LG