Մատչելիության հղումներ

Բանակում զինվոր է մահացել


Բանակում արձանագրվել է հերթական մահվան դեպքը: Երեք օր առաջ` հունվարի 27-ին, Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկի մարտական դիրքում սպանվել է զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Փայլակ Շահնազարյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը, սպանություն կատարելու կասկածանքով շաբաթ օրը ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը: Փաստի առթիվ Հայաստանի պաշտպանության նախարարությունում «Սպանություն» հոդվածով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Սարգսյանը այլ մանրամասներ չհայտնեց` նշելով, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Սպանված զինվորը Հայաստանի Տավուշի մարզից էր: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը Փայլակ Շահնազարյանի դեմքին ատամի մածուկ է քսել, երբ վերջինս քնած է եղել: Զինվորն արթնանալով վեճի է բռնվել Սարգսյանի հետ, ծեծկռտուքն ավարտվել է սպանությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG