Մատչելիության հղումներ

«Սահակաշվիլին դեռ չի հանձնել դեմոկրատիայի քննությունը»


Թոմաս դե Վաալը Երեւանում հանդիպումներից մեկի ժամանակ, մարտ, 2010թ.

Թոմաս դե Վաալը Երեւանում հանդիպումներից մեկի ժամանակ, մարտ, 2010թ.

The Washington Post-ում հրապարակած հոդվածում Թոմաս դե Վաալը գրել է, որ Վրաստանի առջեւ առավել բարդ քննությունը` գալիք ընտրություններն են։

Անկանխատեսելի դաշնակից

Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալը գրում է, թե արտաքին քաղաքականության ամենաբարդ մարտահրավերը անկանխատեսելի դաշնակցի հետ գործ ունենալն է։ Դաշնակից, որը կարող է դիմել ե՛ւ դրական, ե՛ւ բացասական քայլերի։

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, ըստ նրա, հենց այդ կարգի գործիչ է։

Սահակաշվիլին, նշում է վերլուծաբանը, ղեկավարում է կառավարություն, որի կազմում արեւմտյան կրթություն ստացած երիտասարդ եռանդուն մարդիկ են։ Այդ կառավարությունը զինծառայողներ է տրամադրել Աֆղանստանի գործողությունների համար եւ հանրային կառույցներում, ոստիկանության համակարգում ու համալսարաններում արմատավորված կոռուպցիայի դեմ պայքարում ձեռնարկել է մի շարք հիրավի տպավորիչ եւ արդյունավետ միջոցներ, որոնք կարող են օրինակ ծառայել հարեւան ետխորհրդային երկրների համար։

Բայց միաժամանակ, ընդգծում է Թոմաս դե Վաալը, Սահակաշվիլին անկայուն ղեկավար է։ 2008 թվականին նա ընտրովի է մեկնաբանել Վաշինգտոնից ստացած ուղերձները. նրան հավաստիացրել են, որ Ամերիկան սատարում է Վրաստանին, սակայն հորդորել են խուսափել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի շուրջ Ռուսաստանի հետ ուղղակի առճակատումից։ Բայց նա իր երկիրը ներքաշել է Ռուսաստանի հետ աղետալի պատերազմի մեջ, որը տանուլ է տվել։ Եվ թեպետ միանգամայն հասկանալի էր եւ կանխատեսելի որեւէ կերպ չմիջամտելու` արեւմտյան դաշնակիցների դիրքորոշումը, պարտություն կրելուց հետո Սահակաշվիլին Արեւմուտքին դավաճանության մեջ է մեղադրել։

2008 թվականի պատերազմից հետո Արեւմուտքում գերադասել են Սահակաշվիլիին բարձր մակարդակով այլեւս չընդունել։ Սակայն նա շատ ակտիվ է աշխատել ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին ասպարեզներում։

Ընդունելություն Սպիտակ տանը

Այսօր Սահակաշվիլիին վերջապես կընդունեն Սպիտակ տան Օվալաձեւ սենյակում, ինչը նաեւ կարտահայտի Արեւմուտքի գոհունակությունը, օրինակ, Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ առարկություններից հրաժարվելու համար։

Նախագահ Բարաք Օբամայի համար այս երեկո կայանալիք հանդիպումը նաեւ առիթ է Սահակաշվիլիին հորդորելու` ավելի խոհեմ եւ պատասխանատու քաղաքականություն վարել Վրաստանում քաղաքական անցումային շրջան համարվող տարվա ընթացքում։

Թոմաս դե Վաալի կարծիքով` Վրաստանը կարելի է համարել «ոչ ռուսական» եւ «հակառուսական»։

Երկիրը «ոչ ռուսական» է հանրային ծառայությունների բարեփոխումը, կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վերջերս ընդունված օրենքը եւ բազմակարծության ամուր ավանդույթը դիտարկելու դեպքում։ «Հակառուսական» է այն առումով, որ փորձելով ամեն կերպ մերժել Վլադիմիր Պուտինին եւ նրա ղեկավարման մոդելը` վրացիները հաճախ ակամա կրկնօրինակում են այն։

Սահակաշվիլին անցյալ տարի Վրաստանը որակել է որպես «քաղաքակիրթ», իսկ Ռուսաստանը` «բարբարոսական» երկիր։

Բացի այդ, Սահակաշվիլին շատ իշխանություն է կենտրոնացրել մի քանի ընտրյալների ձեռքում։

Այսօրվա Վրաստանը նման է Ռուսաստանին, քանի որ այստեղ էլ, ըստ էության, մեկ կուսակցություն է իշխում, վերնախավի ոչ մեծաթիվ խումբը հսկողության տակ է առել գործադիր եւ օրենսդիր իշխանությունը, շրջանների ղեկավարությունը եւ համազգային երեք հեռուստակայանները։

Դատական համակարգն ազատ չէ։ Կոռուպցիայի դեմ պայքարի մութ կողմն այն է, որ ոստիկանությունը հզորացել եւ այլեւս հաշվետու չէ։

Երկրի բանտերում կան մեծ թվով կալանավորներ, ովքեր կարող էին ազատության մեջ լինել։ 2011 թվականին Վրաստանն աշխարհում չորրորդն էր մեկ շնչին հասնող բանտարկյալների թվով։

Բիձինա Իվանիշվիլիի մարտահրավերը

Ընդհուպ մինչեւ վերջերս կառավարող վերնախավը չուներ լուրջ ընդդիմություն եւ պատրաստվում էր անառարկելի հաղթանակ տոնել այս տարվա աշնանը անցկացվելիք խորհրդարանական եւ հաջորդ տարվա հունվարի նախագահական ընտրություններում։

Այնուամենայնիվ, անցյալ տարվա ընթացքում վերնախավին անսպասելի մարտահրավեր է նետել մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին, ով հայտարարել է, թե ընդդիմադիր ճամբար է անցնում։

Նրա այդ քայլը միավորել է ներկայիս վարչակազմի տնտեսական քաղաքականությունից եւ քաղաքական ասպարեզում հաստատած գերակայությունից հոգնած ու հիասթափված մեծ թվով մարդկանց։

Թոմաս դե Վաալը գրում է, թե Ռուսաստանում հարստությունը դիզած Իվանիշվիլիի վերաբերյալ, անշուշտ, կան բազմաթիվ հարցեր, սակայն կառավարության արձագանքը դրսեւորեց դրա ամենագարշելի բնազդները. Իվանիշվիլիին զրկեցին քաղաքացիությունից եւ նրան պատկանող դրամատունը փողի լվացման կասկածանքով բազում ստուգումների ենթարկվեց։

Իշխանամետ մամուլը Իվանիշվիլիին սկսեց ներկայացնել իբրեւ Ռուսաստանի խամաճիկի, ինչը դժվար թե համապատասխանում է իրականությանը, քանի որ նա Վրաստանի ամենաարեւմտամետ ընդդիմադիր գործիչներին իր հիմնական դաշնակիցների շարքն է ընդգրկել։

Սահակաշվիլին այսօր դեռ չի հանձնել դեմոկրատիայի քննությունը։ Առաջիկայում նրան ավելի բարդ քննություն է սպասում. 2004 թվականին Սահակաշվիլին, լրամշակելով Սահմանադրությունը, իշխանության ավելի մեծ լծակներ է կորզել։

Անցյալ տարի նա եւս մեկ անգամ լրամշակել է Հիմնական օրենքը եւ հասել այն բանին, որ երբ 2013-ին ազատի նախագահի պաշտոնը, լիազորությունների մեծ մասը կփոխանցվի վարչապետին։

Տպավորությունն այն է, որ նա նորից հետեւում է Պուտինի օրինակին եւ այս անգամ էլ մտադիր է վարչապետի պաշտոնը ստանձնել, թեպետ, ինչպես Թոմաս դե Վաալն է նշում, նա դեռեւս խուսափում է այդ մասին հրապարակավ հայտարարելուց։

Գլխավոր քննությունն առջեւում է

Վրաստանի վերնախավում բարեփոխականներ են, բայց ոչ` դեմոկրատներ։ Նրանք առիթից առիթ նկատել են տալիս, թե չեն կարող առավել ընդարձակել դեմոկրատիան, քանի որ «դա կարգելափակի բարեփոխումները, ըինդդիմությունը ուժ կստանա, եւ Վրաստանը նահանջ կապրի»։

Դա «հանգստացնող», բայց սխալ դրույթ է։ Հսկողությունն ու հավասարակշռությունը, պաշտոնավարման ժամկետի սահմանափակումները հենց կոչված են կանխել քաղաքացիներից բարձ դասվելու վերնախավի հնարավորությունը։

Սա է, ըստ դե Վաալի, Վրաստանի գլխավոր քննությունը։ Եթե Սահակաշվիլին պաշտոնավարման ավարտից հետո արժանապատվորեն հեռանա եւ թույլ տա Վրաստանում առավել բազմակարծության վրա խարսխված քաղաքականություն, ապա նա լավ օրինակ կստեղծի ամբողջ նախկին խորհրդային տարածքի, այդ թվում` Ռուսաստանի համար։

Եթե դա տեղի չունենա, Վաշինգտոնը ի դեմս Վրաստանի խնդրահարույց գործընկեր կունենա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG