Մատչելիության հղումներ

Էգեմեն Բաղըշ. «Ես ժխտում եմ, ինձ ձերբակալեք»


Թուրքիա - Եվրամիության հետ հարաբերությունների գծով նախարար Էգեմեն Բաղըշը ասուլիս է տալիս Ստամբուլում, հոկտեմբեր, 2011թ.
Թուրքիա - Եվրամիության հետ հարաբերությունների գծով նախարար Էգեմեն Բաղըշը ասուլիս է տալիս Ստամբուլում, հոկտեմբեր, 2011թ.

Թուրքիայի Եվրամիության հետ հարաբերությունների գծով նախարար Էգեմեն Բաղըշը Ցյուրիխում լրագրողների հետ զրույցում կիրակի օրը ասել է, թե ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին Ֆրանսիայի ընդունած օրենքը որեւէ նշանակություն չի կարող ունենալ։

«Հուսամ, Ֆրանսիայում խոհեմ մարդկանց թիվն ավելին է, քան խենթերինը», - ասել է նախարարը եւ ավելացրել. - «Մենք հիմա Շվեյցարիայում ենք, եւ ես հայտարարում եմ, որ 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունները ցեղասպանություն չեն։ Դե թող գան եւ ձերբակալեն ինձ»։

Բաղըշը Շվեյցարիա է մեկնել Դավոսի տնտեսական համաշխարհային համաժողովին մասնակցելու համար։

Թուրքիայի պատվիրակության կազմում են փոխվարչապետ Ալի Բաբաջանը, Կենտրոնական բանկի նախագահ Էրդեմ Բաշչին, քաղաքական այլ գործիչներ եւ գործարարներ։

Հաղորդելով Բաղըշի հնչեցրած հայտարարության մասին լուրը` Թուրքիայում հրատարակվող Zaman-ը նշել է, որ Շվեյցարիայում կա օրենք, որը պատիժ է նախատեսում ռասիստական հայտարարությունների, ինչպես նաեւ ցեղասպանությունների փաստը հրապարակավ հերքելու համար։

Շվեյցարիայի իշխանությունները հավաստիացրել են, թե իրենց օրենքը շատ առումներով տարբերվում է Ֆրանսիայում ընդունված օրենքից եւ կոչված է խթանել երկրում առկա օտարատյացության դեմ պայքարը, քանի որ անցած երկու տասնամյակում աջակողմյան խմբավորումները հետզհետե ավելի հաճախ են հարձակվում արտասահմանցիների վրա։

Բաղըշը Ցյուրիխում պնդել է, թե ֆրանսիացիների ընդունած օրինագիծը գոյության հնարավորություն չունի եւ «սոսկ դատարկ թղթի կտոր է»։

Թուրք մեկնաբանները նշում են, որ օրինագծի խնդրում կարող է միջամտել Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ առնվազն 60 սենատոր պաշտոնապես դիմի դատական գերագույն ատյանին։

Մինչդեռ Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հայտնել է, որ նախագահ Նիկոլա Սարկոզին մտադիր է սահմանված ժամկետում վավերացնել օրենքը։

Ֆրանսիայի Սենատը օրինագիծն ընդունել է հունվարի 23-ին, իսկ խորհրդարանի ստորին պալատը` Ազգային ժողովը այն ընդունել է անցած տարվա դեկտեմբերի 22-ին։

Թուրքերը պնդում են, թե Սարկոզին այդ օրինագիծն օգտագործում է ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններում ֆրանսահայերի մեծ համայնքի աջակցությունը ստանալու համար։

«Թուրքերն այդպես են ընկալում», - The Los Angeles Times-ին ասել է Միջազգային ճգնաժամային խմբի թուրքական ծրագրի ղեկավար Հյու Փոուփը։

The Los Angeles Times-ը նշել է. որ Թուրքիան ունի խիստ օրենքներ, որոնց համաձայն` «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար կարելի է բանտում հայտնվել, եւ Հայոց ցեղասպանության ճանաչումը հենց այդ կարգի խախտում է համարվում։

Հյու Փոուփի խոսքերով, այնուամենայնիվ, անցած տարիների ընթացքում Թուրքիայում իրավիճակը փոխվել է։

«Ես հիշում եմ, որ ժամանակին հնարավոր չէր նույնիսկ արծարծել այդ թեման», - ասել է վերլուծաբանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG