Մատչելիության հղումներ

Հունվարի 28-ի մամուլ


«Երկիր». - «20 տարի անց մեր բանակը գտնվում է ներքին, բովանդակային լուրջ վերափոխումների փուլում` թե՛ արդիականացման, թե՛ պետական ու հանրային կյանքում ունեցած դերակատարության նոր ընկալումների ձևավորման եւ թե՛ ավելի բաց համակարգի վերածվելու առումով: Սակայն տաբուների, կարծրատիպերի փլուզումը, արգելված թեմաների վերացումը, որ այդ վերափոխումների բնական հետեւանքներն են, չպետք է թե՛ ներսից` հին պատկերացումներով ու մեթոդներով առաջնորդվելու, եւ թե՛ դրսից` չափազանցված սպասելիքների, ոմանց չբավարարված ամբիցիաների թիրախը դառնալու հետեւանքով հանգեցնեն այդ ազգային արժեքի նսեմացման»։

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Եթե հարկային տեսուչն է կաշառակեր, դա դիտվում է որպես տվյալ ոլորտին հատուկ թերություն, բայց եթե հրամանատարն է այդպիսին, դա ընկալվում է որպես ոչ միայն որպես արատ, այլեւ որպես մեր պետությանը սպառնացող վտանգ: Երբ սովորական, «քաղաքացիական» օլիգարխն է հարստահարում իր տարածքի ժողովրդին՝ մեկ-մեկ ինչ-որ «բարեգործական» ոսկորներ շպրտելով նրան, մարդիկ նման «թագավոր-ախպորը» պարզապես ատում են, երբ նույնը անում է գեներալի ուսադիրներով օլիգարխը, նրա ամեն մի քայլը ներքին ընդվզում է առաջացնում: Եթե քաղաքացիական կյանքում են սպանությունը պարտակում, դա գնահատվում է որպես «մենթերի» կամ դատախազների հանցագործություն, երբ բանակում է դա արվում, ծառայող զինվորի ամեն մի մայր տագնապով է լցվում: Այդպիսով, չափանիշները, որոնք կիրառվում են բանակի նկատմամբ, ավելի բարձր են: Այդպես էլ պետք է լինի. մարդիկ այս պետությունից, ըստ էության, քիչ բան են ուզում՝ առաջին հերթին, կյանքի համար քիչ թե շատ տանելի պայմաններ: Իսկ ամենակարեւոր պահանջը հետեւյալն է. այն տղան, որը կանգնած է մեր պետության սահմանին, պետք է իրեն ապահովված զգա թիկունքից, պաշտպանված լինի քրեական հակումներ ունեցող զինվորներից եւ «սամադուր» սպաներից: Իսկ որ դա՝ պաշտպանված լինելը, հնարավոր է՝ դրա գրավականը հենց մեր բանակի 20 տարում անցած փառապանծ ճանապարհն է»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Հասարակության հետեւողական աղմուկը հոգատարության դրսեւորում է, որով փորձ է արվում բարեփոխել զինուժը, շտկել արատները, որ բանակի հաջորդ տոներին մենք խաղաղ պայմաններում բանակում որդի կորցրած սգավոր մայրեր չունենանք: Եվ այստեղ, իշխանությունը, պատասխանատուները, հասարակության այդ հոգատարությանը մութ եւ դավադիր պիտակներ փակցնելու փոխարեն, պարտավոր են ծառայել հօգուտ այդ հոգատարության, ինչի համար հասարակությունն իրենց վարձել է այդ պետական պաշտոններին: Բանակի խնդիրները համալիր են, ու այնքան ամրակուռ, որ անգամ տոնական օրերին անհնար է դրանք շրջանցելը: Հայաստանի բանակը ունի լուրջ բարեփոխումների, արժեքային եւ կառուցվածքային լրջագույն վերանայումների անհրաժեշտություն, քանի որ այդ ամենի ուշացման համար իրենց կյանքով են վճարում մեր զինվորները: Այդ փոփոխությունները հրատապ անհրաժեշտություն են, եւ պետք չէ դրանց մասին խոսելուց վախենալ: Վախենալ պետք է դրանց բացակայության հետեւանքներից»:

«Հայոց Աշխարհ» թերթը գրում է. - «Ծնվելով Արցախյան ազատագրական պայքարի բովում` Հայոց բանակը հետպատերազմյան տարիների ընթացքում դարձել է այդ պայքարի հաղթական ավարտի հիմնական գրավականը։ Նրա ամրապնդման ու հզորացման խնդիրը 1990-ականների ազատամարտիկների սերնդից փոխանցվել է նրանց ժառանգներին։ Այսօր Հայոց բանակում ծառայում են այն երիտասարդները, ովքեր ծնվել են պատերազմի տարիներին, իսկ վաղը նրանց կփոխարինեն Արցախյան ազատամարտի մասնակիցների թոռները։ Սա նշանակում է, որ ազգի պաշտպանության խնդիրն արդեն դարձել է ժառանգական պարտականություն։ Ձեւավորվում է հայ նոր զինվորականությունն իբրեւ ուրույն խավ, որը դառնում է ազգի անվտանգության ու հարատեւման երաշխավորը»։

«Ազգ» օրաթերթ. - «Բանակն, այո՛, որչափ հզոր, այնքան նուրբ ու զգայուն մարմին է, բանակում տեղի ունեցող մահերը հոգեբանական խորը եւ բացասական ազդեցություն են թողնում հասարակության վրա, ու ո՛չ արդարացումները, ո՛չ զանազան խոստումները չեն կարող փոխել այդ ազդեցության թողած մտայնությունը, փոխելու ուղին մեկն է` բանակը պետք է ազատվի անհոգի, անկիրթ, զինվորին իր որդու նման չնայող սպաներից, մինչեւ այժմ պատահած մահերն ու միջադեպերը պետք է արդարացի գնահատական ստանան, պատժվեն բոլոր դերակատարները, ու ոչ թե մի երկու խեղճ, ուրիշի մեղքն իր վրա վերցնող զինվոր: Սա անընդհատ գործընթաց է` կամքի մշտական դրսեւորմամբ, բանակի հանդեպ վստահության ու հավատի բարձրացման շարունակական գործընթացով: Իսկ այսօր հայոց բանակի տոնն է, ու տոնին հարիր էլ ցանկություններ ու մաղթանքներ ունենանք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG