Մատչելիության հղումներ

«Երգն ու պարը միշտ ոգեւորել են զինվորին»


«Երգն ու պարը միշտ ոգեւորել են զինվորին»
please wait

No media source currently available

0:00 0:06:18 0:00

Ցանկացած ժամանակաշրջանում ու ցանկացած իրավիճակում երգը միշտ ուղեկցել ու ուղեկցում է մարդկանց: Արցախյան պատերազմի թեժ պահերին էլ հայ երգը ոգեւորել ու ուժ է տվել մարտիկներին:

Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանն, ով արցախյան շարժման առաջին օրերին դեռ ընդամենը 10-րդ դասարանի աշակերտ էր, փախավ տանից` հայրենի սահմանները պաշտպանելու համար: Սակայն սահմանից նրան հետ ուղարկեցին: Իսկ 92-93 թվականներին արդեն ավելի հասուն գիտակցությամբ նորից վերադարձավ Արցախ ու 94 թվականին ընդգրկվեց Մարտակերտի 5-րդ բրիգադի կազմում:

Ամալյանը հիշում է. որ դիրքերում երգում էին այն, ինչ այդ պահին իրենց հետ պատահում էր. - «Մեր երգչախումբը, որ բեռնատարի թափքի վրա երգում էր, որեւէ խոռ չի կարող այդ զգացողությունը տալ, որովհետեւ դու երգում ես մի մարդու հետ, ով քո հետ երգում է մեռնելուց առաջ, դու էլ` իրա: Էդ ուրիշ զգացում ա»:

Երգահանը պատմում է, որ նույնիսկ ռազմական նշանակության կարեւոր որոշումների ժամանակ օգնության է հասել երգը. - «Մակիչը կոնսերվատորիայի լավագույն երգիչներից էր, որ կռիվը սկսվեց, տղերքը պատմում են, որ Մակիչը Սայաթ-Նովա է երգել ու շատ կարեւոր տեղեր է երգել, որ հրամանատարներով նստած են եղել ու կարեւոր որոշում է փոխվել: Մտածում էին, թե պետք է նահանջեն, բայց Սայաթ-Նովայի «Դուն են գլխեն»-ը լսելուց հետո տղերքից մեկն ասել է` ոչ մի նահանջ, գնում ենք: Ու տենց հաղթել են»:

Մասնագիտությամբ ինժեներ-շինարար Գագիկ Հայկազունը 1988 թվականին, երբ սկսվեց Արցախյան շարժումը դեռ երգի հետ որեւէ առչություն չուներ: Աշխատում էր որպես ինժեներ: Ակտիվ մասնակցում էր ցույցերին ու հետեւում իրադարձությունների զարգացմանը: Ցույցերի ժամանակ հնչող վանկարկումները` «Հայեր, միացե'ք», հուշեցին նրան. պետք է գրել մի այնպիսի երգ, որը կհամախմբի համայն հայությանն ու միահամուռ կերպով դուրս կգան պայքարի:

Գուսանը նշում է. - «10 օրում ծնվեց «Հայեր, միացե'ք» երգը, որը միասնության կոչ էր, իսկապես առաջին անգամ հայերը միավորվեցին: Դա նաեւ դարձավ արցախյան շարժման հիմնը: Ամբողջ աշխարհով երգում էինք` հայեր, միացե'ք»:

Երգն առաջին անգամ հեղինակը կատարեց 1988 թվականի մայիսի 18-ին Օպերայի հրապարակում: Գուսան Հայկազունը պատմում է, որ հենց այդ օրն էլ ինքը հասկացավ, որ պայքարի երգեր գրելու ժամանակն է: Կարճ ժամանակամիջոցում գուսանը գրեց «Հպարտ գնացեք», «Գետաշեն»,«Վեր կաց, Շահեն», «Պիտի գնանք վաղ թե ուշ» ու տասնյակի հասնող հայրենասիրական երգերը, որոնք արդեն 20 տարի է պետականորեն ճանաչվել են որպես քայլերգ ու երգվում են հայոց բանակում:

Գուսան Հայկազունը արցախյան պատերազմի մասնակիցներից է, կռվել է Արտաշատի երկրապահ ջոկատի կազմում: 1991 թվականի սահմանային կռիվների ժամանակ Արտաշատի ջոկատը Դավիթ Բեկ գյուղի պաշտպանության ժամանակ հայտնվում է ծանր վիճակում: Գուսանը նշում է, որ կամ պետք է գնային առաջ, կամ պետք է մնային տեղում ու թշնամու համար դառնային թիրախ. - «Էդ ժամանակ ինձ գուսան չէին ասում, Գագո էին ասում, տղերքից մեկը գոռաց` Գագո «Հայեր միացեքը» սկսի: Հենց երգեցի, ամբողջ ջոկատը երգեց ու նետվեցին առաջ: Ցավոք, զոհեր ունեցանք, բայց էդ պահին գրավեցինք էդ դիրքերը»:

Այսպիսի հարյուր ու ավելի երգերի հեղինակ Գուսան Հայկազունը, ով իր երգերով ու զենքով միշտ կանգնել է հայրենիքի կողքին, այսօր ցավոք իրեն մոռացված է զգում սեփական հայրենիքում: Զրկվել է աշխատանքից, որը միակ եկամուտի աղբյուրն էր սեփական երգերը ձայնագրելու համար, ապրում է վարձով բնակարանում, իսկ համերգների ու միջոցառումների ժամանակ չնայած, որ իր երգերը երգվում են, բայց հրավերներ ինքը չի ստանում:

Գուսանը նշում է.«Ես ուժեղ մարդ եմ, հայրենիքին նվիրված եմ եւ միեւնույն է իմ գործն անում եմ շատ սիրով ու շարունակում եմ երգեր գրել»:

«Կարին» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, ով եւս արցախյան պատերազմի մասնակից է, պատմում է, որ պատերազմում երգին հավասար օգնում էր նաեւ պարը. - «Ես հաճախ տարազն ինձ հետ տանում էի դիրքեր, իսկ ջոկատի տղաներին էլ ազատ ժամանակ պարել էի սովորեցնում: Ու բոլորի համար ակնհայտ էր, որ այդ պարերից հետո անպարտելիության զգացողություն էինք ունենում»:


please wait

No media source currently available

0:00 0:05:34 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG