Մատչելիության հղումներ

2011 թվականի սեպտեմբերի 21-ին` Անկախության օրվա կապակցությամբ Ռուբիկը կատարել էր 6500 արտակորում` գրանցվելով Գինեսի ռեկորդների գրքում: Այսօր նա կատարեց`7550 արտակորում:

Մասնագիտությամբ սամբիստ Ռուբիկ Միքայելյանը, ավարտելով Երեւանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը, 2011 թվականի գարնանը զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր:

«Պարապել եմ 5 տարի, պատրաստված եմ մարտական ու ամեն ինչ անելու եմ, որ հաղթեմ: Այս քայլով իմ հայրենասիրությունն եմ ցանկանում ցույց տալ ամբողջ աշխարհին», - ասաց Ռուբիկը:

Ռուբիկի մարզիչը հայրն է` Գարեգին Միքայելյանը: «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նա նշեց, որ նոր ռեկորդին պատրաստվելու նպատակով ամիսներ շարունակ օրական 5-8 ժամ պարապել է որդու հետ:

Չնայած երիտասարդը զինվոր է, նախարարությունը թույլ է տվել նրան պատրաստվել. - «Տղաս հայտարարել է, որ մինչեւ բանակից զորացրվելը պետք է հասնի 10 000-ի, որպեսզի աշխարհում ոչ մեկը չկարողանա գերազանցել»:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի խոսքով` մեր բանակի համար ռեկորդներ սահմանելը նորություն չէ` Հայոց բանակը դեռեւս Արցախյան պատերազմի ժամանակ է ռեկորդներ սահմանել:

ՀՀ Արտասովոր շարժողական գործունեության նվաճումների գրանցման հանձնաժողովի՝ «Դյուցազնագրքի» նախագահ Վարդան Թովմասյանը նշեց, որ Հայաստանից Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է 9 ռեկորդ: Ռուբիկինը կարող է լինել 10-րդը:

«Գինեսի գրքում գրանցվելը երկար ու բարդ գործընթաց է: Մենք այստեղից պետք է ուղարկենք նյութերը եւ մի քանի ամիս անց միայն կարող է պատասխանը գալ», - ասաց Թովմասյանը:

Հանձնաժողովի անդամ Արտակ Գրիգորյանը ստեղծել եւ կատարել է 8 տեսակի խաչ վարժություններ, նա եւս գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Արտակը մեզ հետ զրույցում ասաց, որ համաշխարհային ռեկորդ սահմանելը Հայաստանում մարզիկին գրեթե ոչինչ չի տալիս, իսկ ահա արտասահմանում դրա արդյունքներն իսկապես շոշափելի են:
XS
SM
MD
LG