Մատչելիության հղումներ

Դանիելյանը առաջադրվել է ի հեճուկս Սասուն Միքայելյանի


Հրազդանը տասը տարի ղեկավարած հանրապետական թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանն ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց` եթե Սասուն Միքայելյանն իր թեկնածությունը չառաջադրեր քաղաքապետի առաջիկա ընտրություններում, ինքը եւս չէր առաջադրվի:

«Եթե տվյալ անձը իր թեկնածությունը չդներ, ես չէի դնի, որովհետեւ կուզեի ավելի նոր մարդիկ լինեիք: Եթե ինքը գալիս է, էս քաղաքում անկայունություն է տիրելու. ես չեմ ուզում իմ քաղաքում անկայունություն լինի, ընդհակառակը` ես քաղաքում չարված գործեր ունեմ, կուզենամ այդ գործերը ավարտեմ, նոր մարդ աճեցնենք, ով կկարողանա մտածել այս քաղաքի հոգսերի եւ բնակչության մասին: Այլընտրանք չկա, ես կիսատ գործեր ունեմ», - ասաց Դանիելյանը:

Հրազդանում նախընտրական կրքերը թեժանում են: Քաղաքապետի աթոռի համար պայքարի դուրս եկած երկու թեկնածուներն էլ հրազդանցիներին խոստանում են բարեկարգ քաղաք ու քաղաքային խնդիրների լուծման ավելի մեծ հնարավորություններ: Հրազդանիցներին տրվող խոստումներին, սակայն, ավելի քիչ են հավատում հենց իրենք` թեկնածուները: Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի թեկնածուն չի հավատում Հանրապետական կուսակցության թեկնածուի խոստումներին, վերջինս էլ` ընդդիմադիր թեկնածուի խոստումներն է համարում միայն գեղեցիկ խոսքեր:

Քաղաքապետ Արամ Դանիելյանը հակադարձում է իր մրցակցի` մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով բանտում երեք տարի անցկացրած Սասուն Միքայելյանի այն պնդումներին, թե քաղաքապետն ու իր թիմը լավ չեն աշխատել:

«Ցույցային մակարդակով պետք է գնան ընտրության, եւ ոչ մի անգամ չխոսել քաղաքի խնդիրներից եւ իրենց տված օգուտներից, խոսել միայն ժողովրդի հույզերից: Բնականաբար, այսօր մեր քաղաքում եւ մեր պետության մեջ կան բազմաթիվ խնդիրներ, մենք պատերազմող երկիր ենք, այդ խնդիրները պետք է լինեն: Եթե վերցնենք այդ խնդիրները եւ ծառայեցնենք մեր անձնական նպատակներին, դա ընդունելի տարբերակ չէ», - ասաց գործող քաղաքապետը:

Հրազդանցիների հետ այսօրվա հանդիպման ժամանակ Հրազդանի քաղաքապետը ներկայացնում էր իր աշխատանքը: Հանդիպման եկած հրազդանցիներից ոմանք ոգեւորված էին:

«Նա շատ մեծ աշխատանք է կատարել մեր քաղաքի համար, Հրազդանը Փարիզ է դարձնելու, ապրե'ս, Դանիելյանը: Մեկ է, էլ էսքան չենք կարա հավաքվել ընտրություններից հետո, հիմա շնորհավորենք քեզ», - գործող քաղաքապետին դիմելով` ասաց մի տարեց հրազդանցի:

Քաղաքապետի հետ հանդիպման էին եկել ոչ միայն թոշակառուներ, այլեւ մարզպետարանի ու համայնքային հիմնարկների աշխատակիցները:

«Ես այս տարածքի ընտրող եմ, դրա համար եկել եմ հանդիպման», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց մարզպետարանի մի կին աշխատակից. - «Աշխատեի-չաշխատեի, Սասուն Միքայելյանին չէի ընտրի, Սասուն Միքայելյանը կանգնած է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, չունեինք ջուր, լույս, ի՞նչ հաց էինք ուտում, երբեք չէի ընտրի նրան»:

Քաղաքապետն ասաց` մարզպետարանի ու համայնքային հիմնարկների աշխատակիցները պարտադրված չեն եկել հանդիպման:

«Մենք բոլոր ընտրություններին թիմով ենք հանդես գալիս: Այսօր ոչ մեկին չես կարող ստիպել, ասել, որ դու պետք է գաս, կանգնես իմ կողքին: Մարդը աշխատանք ունի, էսօր իմ կողքին է, գիտի, որ մեր ծրագրերը, մեր նպատակները իրեն օգուտ են, գալիս է, մեր կողքին է կանգնում: Ո՞ւմ պետք է ճնշես», - ասաց քաղաքապետը:

Հրազդանցիները այժմ բաժանվել են երկու խմբի: Մի մասը վեր է հանում քաղաքի խնդիրները` չմոռանալով նշել, որ քաղաքապետը լավ չի աշխատում ու հարկավոր է նրան փոխել, մյուս մասն էլ մատնացույց է անում կատարված աշխատանքները` հույսը դնելով քաղաքապետի վրա:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG