Մատչելիության հղումներ

logo-print

ՀԱԿ-ը իր անդամ կուսակցություններից կազմված դաշինքով կմասնակցի ընտրություններին


ՀԱԿ-ի առաջնորդները հանրահավաքում

ՀԱԿ-ի առաջնորդները հանրահավաքում

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) առաջիկա ընտրություններին կմասնակցի Կոնգրեսի անդամ կուսակցություններից կազմված նախընտրական դաշինքով: Նման որոշում, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ, ՀԱԿ-ի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը, ուրբաթ օրը ընդունեց ՀԱԿ-ի քաղխորհուրդը իր դռնփակ նիստում:

«Կոնգրեսը [խորհրդարանական ընտրություններին] կգնա դաշինքով` Կոնգրեսի քաղխորհրդի անդամ 18 կուսակցությունների դաշինքով», - ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ երկուշաբթի օրվանից ՀԱԿ-ի քաղխորհուրդը «համամասնական ցուցակի ձեւավորման սկզբունքների եւ մեծամասնական մասնակցության շուրջ քննարկումներ կսկսի»:

Հարցին, թե ո՞վ կգլխավորի ՀԱԿ-ի համամասնական ցուցակը, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Դա քննարկման առարկա եւ նյութ չէ, միանշանակ` Լեւոն Տեր-Պետրոսյանը»:

Մեծամասնական բոլոր ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու խնդրին անդրադառնալով` Հովհաննիսյանն ասաց. - «Կոնգրեսում դեռ հույսեր կան, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության հնարավորությունը Ազգային Ժողովում դեռ չի սպառվել: Մենք կարծում ենք, որ ԱԺ-ի ընդդիմադիր եւ արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները, մասնավորապես, ՀԱԿ-ը, պետք է փորձեն հասնել նրան, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություն լինի, եւ մեծամասնական համակարգը իսկապես վերանա: Դա առաջին խնդիրն է: Երկրորդ խնդիրը, եթե մեծամասնական համակարգը մնա, եւ օրենքը փոփոխության չենթարկվի, այդ ժամանակ մենք քննարկումների արդյունքում անպայման հայտարարություն կանենք եւ որոշում կընդունենք: Հիմա նման որոշում դեռ չկա ընդունված»:

ՀԱԿ-ում ընտրություններին մասնակցելու ձեւաչափի շուրջ քննարկումները դեռ անցած շաբաթվանից էին մեկնարկել: Քննարկումների սկզբում էլ ՀԱԿ-ի անդամ կուսակցությունները մեծամասամբ նույն տեսակետն ունեին. քաղաքական ուժերը ընտրություններին դաշինքով մասնակցելու կողմնակից էին:

ՀԱԿ-ում, հիշեցնենք, 18 կուսակցություններ եւ հասարակական-քաղաքական միավորումներ են ընդգրկված: Ընտրական օրենսդրության համաձայն` կուսակցությունների դաշինքների դեպքում անցողիկ շեմը 7 տոկոսն է: Հովհաննես Հովհաննիսյանը վստահ է, որ առաջիկա ընտրություններում Կոնգրեսը այդ անցողիկ շեմը հեշտությամբ կհաղթահարի:

«Իհարկե, ընտրություն է, ամեն ինչ կարող է լինել, բայց ես վստահ եմ, որ նորմալ, ազատ, արդար ընտրությունների պայմաններում Կոնգրեսը մեծ ռեսուրս ունի եւ կհավաքի ավելի շատ եւ ավելի լուրջ տոկոսներ: Կոնգրեսի ներկայությունը Ազգային ժողովում կլինի եթե ոչ մեծամասնություն, բայց կլինի ճնշող»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG