Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ում շրջանառվում է Թեղուտին վերաբերող փաստաթուղթ


Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն») Վեհաժողովի ընթացիկ նստաշրջանում շրջանառության մեջ է դրել Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ Հայաստանի կառավարության որոշումները անվավեր ճանաչելու պահանջով հայտարարություն:

«Հայաստանի կառավարությունը` խախտելով ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածը, Օրհուսի կոնվենցիան, ինչպես նաեւ Հայաստանի օրենսդրությունը, համայնքի գյուղատնտեսական նշանակության եւ մասնավոր սեփականություն հանդիսացող հողերը հանրային գերակա շահ ճանաչելով` հասարակության եւ սեփականատերերի կամքին հակառակ, բռնի խլում է, փոխում դրանց նշանակությունը` վերածելով հանքարդյունաբերական տարածքի, այդ թվում` Թեղուտի հանքավայրը», - ասված է, մասնավորապես, հայտարարությունում:

Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ստրասբուրգից փոխանցեց, որ փաստաթուղթը շրջանառության մեջ է դրել, որպեսզի միջազգային այս կառույցը ճնշում բանեցնի Հայաստանի իշխանությունների վրա` չբացառելով, որ հետագայում այս հայտարարությունը կարող է նաեւ բանաձեւ դառնալ:

«Հայաստանի Հանրապետության իշխանություններին` ի դեմս կառավարության, հորդորում ենք անմիջապես դադարեցնել այս ծրագրի իրագործումը, որպեսզի մենք չհասնենք այդ շեմին` նորից բանաձեւ, նորից խնդիրների հարուցում, նորից պարտավորությունների չկատարում», - հավելեց ընդդիմադիր պատգամավորը:

Փոստանջյանը հիշեցրեց, որ մեկ այլ հեղինակավոր կազմակերպություն` ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովը, արձանագրել է, որ Թեղուտի շահագործման վերաբերյալ Հայաստանի կառավարության կայացրած որոշումները չեն համապատասխանում Օրհուսի կոնվենցիային. - «Հետեւաբար մենք նորից չենք ցանկանում, որ Հայաստանի Հանրապետության դեմ ընդունվեն որոշումներ: Մեր ցանկությունն է` դադարեցնել այդ ծրագիրը, եւ սա բխում է բոլորիս շահերից»:

Նրա խոսքով, Վեհաժողովում բացարձակապես տեղեկացված չեն, թե ինչ է կատարվում այս ոլորտում Հայաստանում, եւ ինքը ստորագրությունները հավաքելիս նաեւ իրազեկում է իրականացրել:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ, ըստ անկախ փորձագետների, Թեղուտի հանքավայրի շահագործման հետեւանքով բնությանը պատճառված վնասը կլինի անչափելի, քանի որ «ոչ միայն կվերանա Կարմիր գրքում ներառված հազարավոր հեկտարների անտառային հարուստ կենսաբազմազանությունը, այլեւ կառաջանա մոտ 500 միլիոն տոննա թունավոր թափոն` լի ծանր մետաղներով, ինչպես նաեւ 600 միլիոն տոննա այլ թափոն»:

Զարուհի Փոստանջյանը փոխանցեց նաեւ, որ հայաստանյան պատվիրակությունից նախաձեռնությանը ստորագրությամբ միացել է միայն Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ):

Կառավարությունը, հիշեցնենք, 25 տարվա արտոնագիր է տվել «Վալլեքս» ընկերությանը` Թեղուտի պղնձի եւ մոլիբդենի պաշարները արդյունահանելու համար: Բնապահպանները պնդում են, որ Թեղուտում արդեն 70 հեկտար անտառ է հատվել:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG