Մատչելիության հղումներ

Քլինթոնը ցեղասպանության հարցը պատմաբաններին թողնելու կողմնակից է


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ մեկնաբանություններով է հանդես եկել Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունման կապակցությամբ։

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` հարցին, թե ինչու Միացյալ Նահանգները չի հետեւում Ֆրանսիայի օրինակին, պետքարտուղարը արձագանքել է, որ ամերիկյան վարչակազմը զգուշանում է խոսքի ազատությանը վնաս հասցնելուց, եւ այդ հարցը պետք է թողնել գիտնականներին։

«Պատմական հարցերը լուծելու համար կառավարության ուժը օգտագործել փորձելը, կարծում եմ, մի դուռ է բացում, որով անցնելը շատ վտանգավոր է», - ասել է Քլինթոնը Պետդեպարտամենտի աշխատակիցների մասնակցությամբ մի միջոցառման ժամանակ։

Նրա կարծիքով` հարցը պետք է քննարկվի, բայց` ոչ կարգավորվի կառավարությունների կողմից։

«Մենք պետք է քաջալերենք յուրաքանչյուրին` պատմական ցանկացած բանավեճի որեւէ կողմում, մտնել գաղափարների փոխանակման դաշտ», - ասել է Քլինթոնը` հավելելով. - «Հավաքեք ձեր ապացույցները, ներկայացրեք ձեր փաստարկները եւ պատրաստակամ եղեք մասնակցելու [բանավեճին]»։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը դատապարտել է պետքարտուղարի այս հայտարարությունները` որակելով դրանք «շարունակվող մեղսակցություն Թուրքիայի կողմից ցեղասպանության ուրացմանը» եւ հիշեցնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու` Հիլարի Քլինթոնի խոստումը 2008 թվականի ընտրարշավի ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG