Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը այցելեց Վիլնյուս


Երեկ Վիլնյուս կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Լիտվայի վարչապետ Անդրիուս Կուբիլիսի, արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի եւ Սեյմի փոխխոսնակ Չեսլովաս Յուրշենասի ու խորհրդարանի անդամների հետ:

Լիտվայի վարչապետի հետ հանդիպման ընթացքում նշվել է վերջին տարիների հարաբերությունների դինամիկ զարգացումը, բարձրաստիճան հանդիպումները, փոխադարձ այցելությունները, Վիլնյուսում Հայաստանի դեսպանության հիմնադրումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, տնտեսական եւ մշակութային կապերի զարգացումը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Կուբիլիսը եւ Նալբանդյանը մանրամասն քննարկել են տնտեսական համագործակցության առավել զարգացման ուղիները, գործարարների միջեւ կապերի ստեղծման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, մտքեր փոխանակել Հայաստան - Եվրամիություն համագործակցության, այդ ձեւաչափերում իրականացվող ծրագրերի, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ հանգամանալից զրույց է կայացել երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ, համաձայնեցվել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների ընթացիկ տարվա ժամանակացույցը:

Աժուբալիսը եւ Նալբանդյանը քննարկել են Եվրոպայում տեղի ունեցող գործընթացները, Հայաստան - Եվրամիություն համագործակցությունը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների ակտիվացման հարցեր, մտքեր են փոխանակել ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Աժուբալիսը վերահաստատել է Լիտվայի աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահության ներքո ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը:

Հանդիպումից հետո ստորագրվել է Հայաստանի եւ Լիտվայի կառավարությունների միջեւ մշակութային բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը, կայացել է նախարարների համատեղ ճեպազրույցը։

Նույն օրը Նալբանդյանը հանդիպել է Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Չեսլովաս Յուրշենասի, Հայաստան - Լիտվա խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ալգիս Կաշետայի եւ Լիտվայի Սեյմի պատգամավորների հետ:

Հայաստանի արտգործնախարարը նաեւ ծավալուն հարցազրույց է տվել Լիտվայի հանրային հեռուստատեսությանը:

Ավարտելով այցելությունը Լիտվա՝ Հայաստանի արտգործնախարարը վերադարձել է Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG