Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հակադարձում է Թուրքիայի փաստարկներին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ասուլիսի ժամանակ, արխիվային լուսանկար

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ասուլիսի ժամանակ, արխիվային լուսանկար

«Թուրքիայից հնչող փաստարկները չեն դիմանում որեւիցե քննադատության», - հինգշաբթի օրը Վիլնյուսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Լիտվացի գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման վերաբերյալ լրագրողի հարցին` Նալբանդյանը շարունակել է. - «Նրանք ասում են, որ ընդունված օրինագիծը կխանգարի հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Բայց բոլորը գիտեն, որ եթե ինչ-որ մեկն այսօր խանգարում է կարգավորմանը, ապա դա հենց Թուրքիան է: Թուրքիայից հնչում է, թե այդ օրենքը խմբագրում է պատմությունը: Ցավոք սրտի, մի ողջ ժողովրդի համար ողբերգություն դարձած պատմության սեւ էջերն արդեն գրված են: Եվ շրջել այդ էջերը, եթե ընդհանրապես հնարավոր լինի դա անել, ապա ճանաչման, դատապարտման, ժխտողականության կանխարգելման միջոցով, որպեսզի թույլ չտրվի, որ աշխարհը ականատես լինի նոր ողբերգությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների»:

«Սենատի կողմից հաստատված օրինագիծը չի վերաբերում ինչ-որ կոնկրետ երկրի: Այստեղ տեղին է հայտնի ասացվածքը, թե ում գլխին է գլխարկը վառվում: Թուրքիայի կողմից Ֆրանսիայի հանդեպ մեղադրանքներով լի արձագանքը, ես կասեի` չափազանցված արձագանքը, մեղադրանքներով լի արձագանքը բոլոր այն երկրների հանդեպ, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, դրա զոհը դարձած հայ ժողովրդի, ցեղասպանության արդյունքում ձեւավորված հայկական Սփյուռքի հանդեպ վիրավորական եւ սադրիչ հայտարարությունները, թուրքական կողմի այդ չափազանցված՝ ժխտողականության դրսեւորումներով լի արձագանքը վկայում է պետական մակարդակով ժխտողականության քաղաքականության մասին», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը` հավելելով. - «Դա շատ վտանգավոր երեւույթ է: Եվ այս ամենը ապացուցում է Ֆրանսիայի կողմից ընդունված օրենքի անհրաժեշտությունն ու կարեւորությունը: Այդ որոշումը պետք է աջակցություն ստանա այլ երկրների կողմից, որպեսզի թույլ չտրվեն մարդկության դեմ նոր հանցագործություններ»:

Այս հայտարարությունները անելուց առաջ Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել Լիտվային դեռ 2005 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչման համար։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, արձագանքելով նույն հարցին՝ Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը նշել է. - «Ուշ թե շուտ` պատմությունը թակում է ներկայի դռները, եւ մենք պետք է բացենք դրանք: Մենք պետք է առճակատվենք պատմությանը, մենք պետք է գնահատենք այն, ինչ կատարվել է բաց, շիտակ եւ ազնիվ ձեւով: Առանց դրա մենք երբեք չենք ունենա խաղաղություն կայուն միջպետական հարաբերություններում»:

«Հենց այդ պատճառով ես կարծում եմ, որ ճիշտ են այն քաղաքական գործիչները, որոնք գտնում են, որ պետք է քննարկել պատմությունը, իսկ նրանք, ովքեր ասում են, որ պատմությունը պետք է թողնել պատմաբաններին՝ սխալ են: Փոխադարձ հարաբերություններում անհարթություններն ու անվստահությունը առկա կլինեն, մինչեւ մենք չկարգավորենք հաշիվներն անցյալի հետ», - հայտարարել է Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG