Մատչելիության հղումներ

Շոտլանդիան 2014-ին անկախության հանրաքվե կանցկացնի


Շոտլանդիայի ազգայնականների առաջնորդ Ալեքս Սալմոնդը 2007 թվականի մայիսի 3-ի ընտրությունների ժամանակ` ընտրատեղամասի մոտ

Շոտլանդիայի ազգայնականների առաջնորդ Ալեքս Սալմոնդը 2007 թվականի մայիսի 3-ի ընտրությունների ժամանակ` ընտրատեղամասի մոտ

2014 թվականի աշնանը Շոտլանդիայի բնակիչները հանրաքվեում կպատասխանեն ընդամենը մեկ հարցի` ցանկանո՞ւմ են արդյոք անջատվել Մեծ Բրիտանիայից` անկախ պետության քաղաքացիներ դառնալով:

Նման հանրաքվե անցկացնելու առաջարկով այս շաբաթ շոտլանդական խորհրդարանում հանդես է եկել վարչապետ Ալեք Սալմոնդը: Շոտլանդացի ազգայնականները առաջնորդը, որը կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2007 թվականին, ներկայացրել է շոտլանդական անկախության ճանապարհային քարտեզը:

«Մենք պատրաստվում ենք մի պետություն ստեղծել, որն ազատ կլինի որոշումների կայացման հարցում, որը կկարողանա որպես հավասարը հավասարին հարաբերվել այլ պետությունների հետ: Մի խոսքով` մենք կլինեն նույնքան նորմալ մի պետություն, ինչպիսին են այսօր աշխարհում գոյություն ունեցող մոտ 200 անկախ երկրները», - հայտարարել է Շոտլանդիայի վարչապետը։

Շոտլանդացի ազգայնականների ծրագիրը նախատեսում է միայն քաղաքական ու ռազմական, բայց ոչ` տնտեսական տարանջատում: Անկախ Շոտլանդիայի ֆինանսավարկային քաղաքականությունը կշարունակի կարգավորել Անգլիայի կենտրոնական բանկը, նորանկախ պետությունը կմնա բրիտանական ֆունտի գոտում:

«Աշխարհում ընդհանուր առմամբ 67 պետություն գոյություն ունի, որոնք այս կամ այն տեսակի ֆինանսական միության անդամ են: Դրա արդյունքում, սակայն, այդ երկրները չեն դադարում անկախ պետություն հանդիսանալուց», - համոզմունք է հայտնել Սալմոնդը` մեկ անգամ էլ ընդգծելով, որ իր ղեկավարած կառավարության համար ազգերի ինքնորոշումը թիվ մեկ կարեւորությունն ունի:

«Ազգերի ինքնորոշումն ու անկախ ապրելու իրավունքը շատ կարեւոր են մեզ համար: Որպես կանոն, մեր կյանքը կարգավորում են կառավարությունները, որոնք մենք չեն ընտրել։ Անկախություն ստանալու դեպքում այդ իրավիճակը, բնականաբար, փոխվելու է», - հայտարարել է Սալմոնդը։

Բրիտանացի փորձագետները նշում են, որ անկախության պարագայում Շոտլանդիան ի վիճակի կլինի տնտեսական ինքնուրույնություն ապահովել։ Միայն էներգակիրների վաճառքից Շոտլանդիան տարեկան վեց միլիարդ ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովում, որի մեծ մասը փոխանցվում է համաբրիտանական բյուջե։

Շոտլանդական անկախության հակառակորդները հայտարարում են, որ դեմ չեն հանրաքվեի անցկացմանը, սակայն պահանջում են այն կազմակերպել մոտ ապագայում: Բանն այն է, որ, սոցիոլոգների համոզմամբ, շոտլանդացիների մեծամասնությունն այսօր դեմ է Մեծ Բրիտանիայից անջատվելու գաղափարին։ Շոտլանդացի ազգայնականները հույս ունեն, որ մինչեւ 2014 թվականի աշուն այդ իրավիճակը կփոխվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG