Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն «կհաղթահարի ընտրական շեմը»


ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը համոզված է, որ իրենց կուսակցությունը ԱԺ ընտրություններում կհաղթահարի 5 տոկոսի ընտրական շեմը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մարգարյանը ասաց, որ կուսակցությունը այս պահին տրամադրված է միայնակ մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Նախընտրական ցուցակին վերաբերող հարցին նա արձագանքեց. - «Չեմ կարծում, որ մեծ անակնկալներ ունենանք: Հանգիստ ցուցակ է լինելու, վստահ եմ, ինչպես նախորդ անգամները: Եվ տրամաբանական»:

«Հավանաբար տրամաբանական է, որ ես կգլխավորեմ այդ ցուցակը», - շարունակեց Մարգարյանը: - «Եթե մնա ինձ, ես չեմ ցանկանա… Եթե [կուսակցության] որոշում լինի, տարբեր կլինի: Բայց հուսամ, որ այդպիսի բան չի լինի»:

Հիշեցմանը, որ ինքը չէր բացառել Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումը նախագահական ընտրությունների նախաշեմին, եւ հարցին, թե հնարավոր է, որ վերջինս առաջադրվի արդեն խորհրդարանական ընտրություններում, Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչը պատասխանեց. - «Ինչ որ ասեմ, ենթադրություն կլինի: Բայց տպավորությունս այնպիսին է, որ չեմ կարծում, որ մասնակցի խորհրդարանական ընտրություններին»:

Իսկ հարցին, թե Դաշնակցությունը կընդգրկեր Քոչարյանին իր ցուցակում, Մարգարյանն արձագանքեց. - «Ճիշտն ասած` չենք մտածել այդ մասին»:

Անձամբ ինքը անպայման դեմ կլինի, որ նախկին նախագահը գլխավորի ցուցակը. - «Իսկ ներառելու մասին կմտածեի»:

Հարցին, թե ինչպես է գնահատում ընդդիմադիր ուժերի` խորհրդարանում հայտնվելու շանսերը, Հրանտ Մարգարյանը պատասխանեց. - «Գիտեմ, որ դաշտը բավական նեղացել է, դժվարացել է: Շատ-շատերը պետք է դժվարանան»:

Նրա կարծիքով, Հայ ազգային կոնգրեսը «այնքան ժողովրդականություն ունի», որ հայտնվի խորհրդարանում, իսկ «Ժառանգություն»-ը «պետք է որ կարողանա»:

Մարգարյանը չի հավատում իշխանությունների խոստումներին, թե աննախադեպ ազատ եւ արդար ընտրություններ են անցկացնելու: Նրա կարծիքով` քաղաքական ուժերը պիտի պարտադրեն այդպիսի ընտրություններ. - «Եթե կարողանան քաղաքական ուժերը ոտքի հանել այնքան մարդուժ, որ ընտրության օրը պայքարի, իմանա ինչպես պետք է դեմն առնել արգելքների, մենք շատ ճանապարհ կարող ենք կտրել եւ անցնել: Երբ ասում եմ պարտադրել` խոսքս հենց դրա մասին է, ոչ թե ֆիզիկական պարտադրանքի»:

«Ցավոք սրտի, նախորդ ընտրությունները մեզ շատ բան են ապացուցել: Այստեղ ոչ թե ուզում եմ ուրիշներին քննադատել, ինչ-որ մասով նաեւ` ինքնաքննադատություն անել, բայց փաստ էր, որ շատ-շատ կազմակերպություններ մարդուժ չունեին, որ ներկայություն ունենային, կամ մարդուժը արդեն այլակերպված էր, այլափոխված էր, վաճառված էին տեղերը: Կար այդ երեւույթը: Եվ դա է, որ հիմնականում չի թողնում, խանգարում է, դժվարացնում է ընտրությունների արդար կայացման գործընթացը»:

Անդրադառնալով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու Դաշնակցության առաջարկին, մասնավորապես, ի պատասխան հարցին, թե արդյոք իրենց համար պարզ չէր, որ այդ նախաձեռնությունը կարող է տապալվել, ՀՅԴ ղեկավար անդամը ասաց. - «Ինչ-որ մեկ հաշվարկումով պարզ է, որ պիտի տապալվի, բայց ինչ-որ մեկ այլ հաշվարկումով, կարող էր իսկապես երկրի համար ելք լինել: Հարցը նրանում է, որ երկրի վիճակը լավ չի, ծանր է վիճակը: Եթե լուրջ մտածեին, պետք է մտածեին նաեւ, որ ծանր վիճակից դուրս գալու ելք համարվի իշխող ուժի համար, դա կոնկրետ հարցերի շուրջ միասնականության ձեւավորումն է, որ կարողանանք դուրս գալ այս վիճակից: Իսկ եթե իրենք մտածում են, որ այս ընտրությամբ ոչ մի բան չպետք է փոխվի, եւ իրենք պետք է շարունակեն իրենց գաղջ, գորշ ղեկավարությունը երկրի մեջ, անշուշտ չեն ընդունի»:

Իսկ հարցին, թե հնարավոր է, որ նախաձեռնության տապալման դեպքում Դաշնակցությունը մեծամասնական ընտրակարգով առաջադրումներ կատարի, Հրանտ Մարգարյանը արձագանքեց. - «Այո: Որովհետեւ եթե մի բան չես հաջողում, չի նշանակում, որ ամեն ինչին դեմ պիտի լինես: Չենք խռովելու, մի կողմ չենք քաշվելու»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG