Մատչելիության հղումներ

«Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» կարող են հանդես գալ միասնական ցուցակով


Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի խոսքով, ներկայումս քննարկումներ են ընթանում խորհրդարանական ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության հետ միասնական ցուցակով հանդես գալու համար:

«Մեր էլեկտորատները ինչ-որ տեղ հատվում են «Ժառանգության» հետ: Դա է թերեւս պատճառը, որ մենք գաղափարական առումով որեւէ խնդիր չունենք եւ շատ ակտիվ համագործակցում ենք հարցերի շատ լայն սպեկտրով: Մենք վստահ ենք, որ միասնական ենք գնալու ընտրություններին` կեղծիքները բացառելու առումով, ընդհանուր դիտորդներ, վստահված անձինք ներկայացնելու առումով, սակայն դա կձեւավորվի արդյո՞ք որպես ընտրական դաշինք` միասնական ցուցակով, դեռեւս շուտ է ասել: Ո'չ մեր, ո'չ «Ժառանգության» կողմից չկա բացասական դրսեւորում, ուղղակի տակտիկական հարց է, որը ընտրություններին ինչքան մոտ լինի, այնքան պարզ կդառնա ձեւը: Քննարկումները շարունակվում են», - այսօր Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Արզումանյանը:

Նշված քննարկումների մասին հարցին Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատասխանեց. -«Իսկապես այդպիսի քննարկումներ հանդիպումների ձեւով տեղի ունենում են, բայց այդ քննարկումները դեռեւս պաշտոնական բանակցություններ չեն»:

Իսկ հարցին, թե այլ կուսակցությունների հետ նման քննարկումներ ընթանում են, Մարտիրոսյանը արձագանքեց. - «Ամբողջովին չեմ կարող ասել, որովհետեւ կուսակցության տարբեր ներկայացուցիչներ տարբեր քաղաքական գործիչների եւ կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպում են: Թե ինչի մասին են խոսում, չեմ կարող ասել, որովհետեւ դա վարչության նիստում չի քննարկվել… Ուստի չեմ կարող մեկնաբանել»:

Իսկ Ալեքսանդր Արզումանյանը այսօր նաեւ հայտարարեց, թե «գնալով ավելի բարդանում է ընտրություն կեղծելը». - «Ես գտնում եմ, որ, ի հեճուկս ցանկացած տոտալիտար իշխանության, այսօր կա համացանց, այսօր կա «Ֆեյսբուք», այսօր կան հեռարձակվող հեռուստահաղորդումներ: Էլեկտրոնային մեդիան, որը իշխանության մոնոպոլիայի ներքո է, ճեղքվում է: Եթե 5 տարի առաջ որեւէ մեկը եթեր չէր կարող ունենալ եւ չէր կարող իր տեսակետը ասել, այսօր տասնյակ հնարավորություններ կան»:

Ըստ նախկին արգործնախարարի, այսօր արդար ընտրություններով շահագրգռված է անգամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

«Ընտրական օրենսգիրքը բազմաթիվ հնարավորություններ է տալիս ազդելու գործընթացի վրա, եւ եթե լինի ակտիվ մասնակցություն, դիտորդների լավ կազմակերպված ինստիտուտ, ապա կարելի է եթե ոչ բացառել, ապա գոնե նվազագույնի հասցնել այդ կեղծիքների ծավալը: Եվ այդտեղ մեծ անելիքներ ունեն բոլոր այն կուսակցությունները, որոնք շահագրգռված են արդար ընտրությունների անցկացնելու: Դա վերաբերում է ե'ւ ՀՅԴ-ին, ե'ւ վերջերս «Բարգավաճ Հայաստան»-ն է… Համենայն դեպս այսօր այդ մասին խոսվում է: Եթե մեկ տարի առաջ դա բացառվում էր, այսօր այդ հնարավորությունները բացառել չի կարելի», - ասաց Արզումանյանը:

Նախկին արտգործնխարարը եզրափակեց, որ եթե առաջիկա ընտրությունները կեղծվեն, ապա քաղաքական ուժերը ընդհանուր ճակատով պայքարելու են «քաղաքացու իրավունքը վերականգնելու համար». - «Եթե ոտնահարվեն Հայաստանի քաղաքացու իրավունքները, եթե կեղծվեն ընտրությունները, եւ հերթական անգամ գողանան ընտրողի ձայնը, ապա բոլոր նրանք, ովքեր համամիտ կլինեն, որ կեղծվել է, պետք է միասին հանդես գան` կլինի դա ՀԱԿ-ը, Դաշնակցությունը… Բոլորի հետ էլ, եթե մենք գտնում ենք, որ ոտնահարվել է մեր իրավունքը, ընդհանուր ճակատով պայքարելու ենք քաղաքացու իրավունքը վերականգնելու համար»:

please wait

No media source currently available

0:00 0:04:05 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG