Մատչելիության հղումներ

Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի համամասնական ցուցակը


ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) համամասնական ցուցակը կգլխավորի կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը:

Գալստյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ-ի համամասնական ցուցակի երկրորդ եւ երրորդ տեղերի վերաբերյալ քննարկումները դեռ շարունակվում են: Մամուլում տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ի համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը կարող է զբաղեցնել Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Գալստյանն ասաց` ինքը տեղյակ չէ, թե արդյո՞ք Օսկանյանը այս հարցով դիմել է ԲՀԿ-ին կամ հակառակը` ԲՀԿ-ն է դիմել վերջինիս:

«Պարոն Օսկանյանի մասնակցության մասով տեղեկատվությունը այս պահին ես ոչ կարող եմ հաստատել, ոչ` հերքել», - ասաց Ծառուկյանի խոսնակը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ի ցուցակում այլ հայտնի դեմքեր եւս ընդգրկվեն, Գալստյանը պատասխանեց. - «Պարոն Ծառուկյանը բազմիցս նշել է, որ կուսակցությունը ավելի լայն կոնսոլիդացիայի կողմնակից է, եւ հնարավոր է, որ մեր համամասնական ցուցակում տեղ ունենան նաեւ ոչ կուսակցական, բայց հասարակության մեջ որոշակի հեղինակություն, հարգանք վայելող մարդիկ»:

ԲՀԿ-ի համամասնական ցուցակում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդգրկելու մասին հարցին ի պատասխան, Գալստյանն ասաց, թե նման քննարկումներ չկան. - «Եվ հավանակությունը քիչ է», - ասաց նա:

Գալստյանը նաեւ տեղեկացրեց, որ ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ հանձնարարականներ է տվել տարածքային կառույցների պատասխանատուներին, որ վերջիններս բոլոր 41 մեծամասնական ընտրատարածքների համար առաջարկեն 2-3 թեկնածու. - «Եվ մեր այդ թեկնածուների պոտենցիան ուսումնասիրելուց հետո մենք կորոշենք նրանց առաջադրել կոնկրետ մեծամասնական ընտրատարածքում», - ասաց նա:

Խաչիկ Գալստյանը նաեւ հերքեց այն խոսակցությունները, թե ԲՀԿ-ից մեծ արտահոսք կա, եւ որ կուսակցությունից արդեն 400 հոգի է հեռացել: Նրա փոխանցմամբ, ստացված դիմումների մեծ մասը կեղծ են եղել` միեւնույն ձեռագրով գրված եւ այնպիսի մարդկանց անուններով, որոնք կուսակցության անդամներ չեն: Կուսակցությունից դուրս եկած Արարատի նորանշանակ ոստիկանապետ Կարեն Խաչատրյանին (նա ԲՀԿ-ի Արարատ եւ Վեդի քաղաքների տարածքային կառույցի փոխնախագահն էր) անդրադառնալով` Գալստյանն ասաց, թե չի բացառում, որ վերջինս համակիրներ կունենար, ովքեր դուրս են եկել ԲՀԿ-ից, բայց նրանց թիվը չի անցնում երկու տասնյակից:

Գալստյանը շեշտեց, որ չորեքշաբթի օրը Վեդի քաղաքում ԲՀԿ-ին անդամագրվել է նոր 1200 անդամներ: Հարցին, թե ի՞նչ շահագրգռվածությամբ` գաղափարախոսական մղումներից ելնելով, թե՞ այլ նկատառումներով են քաղաքացիները անդամագրվում ԲՀԿ-ին, Գալստյանը պատասխանեց. - «Բնականաբար, կա մարդկանց մի խումբ, որոնց գրավում է կուսակցության գաղափարախոսությունը: Կա մարդանց մի ստվար զանգված, որոնց գրավում է կուսակցության նախագահի կերպարը, իսկ որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի քաղաքական իրականության մեջ ամենավառ անհատականություններից է, դրանում որեւիցե կասկած չկա»:

Ծառուկյանի խոսնակը չցանկացավ նույնիսկ մոտավորապես ասել, թե քանի անդամ ունի ԲՀԿ-ն այս պահի դրությամբ:

«Ես որեւիցե թիվ հրապարակել չեմ կարող, որովհետեւ, ինչպես արդեն նշեցի, յուրաքանչյուր պահի էլ, հենց այս վայրկյ անին էլ կարող են կուսակցության շարքերը էլի համալրել, ինչպես նաեւ հնարավոր է դուրս գան», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG