Մատչելիության հղումներ

Վիզայի դյուրացման բանակցությունները կսկսվեն փետրվարի վերջին


Հունվարի 25-26-ը Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի բանակցությունների 8-րդ լիագումար նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արեւելյան Եվրոպայի տնօրեն, գլխավոր բանակցող Գունար Վիգանդը:

Ինչպես հայտնում է Հայաստանի արտգործնախարարության լրատվության վարչությունը, բանակցությունների արդյունքում էական առաջընթաց է գրանցվել ապագա համաձայնագրի հիմնական նպատակների եւ սկզբունքների, ինչպես նաեւ քաղաքական երկխոսության, արտաքին եւ անվտանգության քաղաքականության եւ արդարադատության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ հաջորդ լիագումար հանդիպման շրջանակներում հնարավոր կլինի մեկնարկել նաեւ բանակցությունները` Հայաստանի եւ ԵՄ միջեւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի հիմնելու վերաբերյալ ասոցացման համաձայնագրի համապատասխան բաժինների շուրջ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրինության հետ ԵՄ երկրներ Հայաստանի քաղաքացիների մուտքի վիզաների դյուրացման շուրջ բանակցությունները փետրվարի վերջին սկսելու վերաբերյալ:

Նույն աղբյուրի տեղեկացմամբ, ասոցացման համաձայնագրի բանակցությունների հաջորդ լիագումար նիստը նախատեսվում է անցկացնել մարտի վերջին Երեւանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG