Մատչելիության հղումներ

«Գոնե առաջիկա երեք տարիներին Հայաստանում ժամացույցի սլաքը ստիպված չեն լինի մեկ ժամ առաջ կամ մեկ ժամ հետ տանել», - Կառավարության նիստից հետո այսօր հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Գործադիրն այսօր անդրադարձավ Ազգային ժողովի հանրապետական պատգամավորներ Գալուստ Սահակյանի եւ Կարինե Աճեմյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին ու որոշեց ժամանակի հաշվարկի համար որպես հիմք թողնել միջազգային ժամագոտիների համակարգի չորրորդ ժամային գոտին, եւ միաժամանակ, դադարեցնել «ամառային ժամանակին» անցնելու գործընթացը: Այսինքն, գարնանը ժամացույցի սլաքը մեկ ժամով առաջ տանելու անհրաժեշտություն չի լինի:

Կամ, ինչպես ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը. - «Մենք առավոտյան ավելի երկար կքնենք»:

Հայաստանն իր աշխարհագրական դիրքով գտնվում է GMT+3 ժամային գոտում, սակայն 1930 ական թվականներից խորհրդային մյուս երկրների հետ ստիպված է եղել փոխել ժամային հաշվարկման կարգը` հայտնվելով GMT+4 ժամային գոտում: Ավելին, ամառային շրջանում Հայաստանը հայտնվում էր GMT+5 ժամային գոտում, այսինքն իր աշխարհագրական ժամային գոտուց շեղվում է երկու ժամով:

Օրենքում փոփոխություն կատարելով եւ ամառային ու ձմեռային ժամային անցումներ չկատարելով Հայաստանը քանի տարի կշարունակի մնալ GMT+4 ժամային գոտում:

«Մենք կատարել ենք բավականին լուրջ հաշվարկներ, գնահատականներ, տնտեսական գնահատականներ: Եվ համոզվելուց հետո, որ այս քայլը դրական կանդրադառնա, եւ ամենակարեւորը` չի վնասի, բժշկական սկզբունքը այստեղ կարեւոր է, նոր դրանից հետո վերջնական որոշումը կայացվեց: Որոշումը կառավարությունը կայացրեց, բայց ֆորմալ առումով դա օրենքի փոփոխություն պետք է լինի: Կարծում եմ, այս որոշումը կհեշտացնի նաեւ մեր կյանքը, նպաստավոր կլինի նաեւ տնտեսության առումով, որովհետեւ հարմանավետ է, երբ մենք գտնվում ենք ավելի մոտիկ կամ նույն ժամային գոտիներում մեր առեւտրատնտեսական եւ ներդրումային գործընկերների հետ», - նշեց Տիգրան Դավթյանը:

Նախարարը հավելեց, որ ապագայում արդեն` մի քանի տարի հետո, հնարավոր է, որ Հայաստանը վերադառնա GMT+3 ժամային գոտի, որում աշխարհագրորեն գտնվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG