Մատչելիության հղումներ

logo-print
Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը այսօր հայտարարեց, որ բուհերի ուսանողներին տարկետման իրավունքից զրկելու կամ զինվորական ծառայության տեւողությունը երկարացնելու որեւէ օրենսդրական նախաձեռնություն չկա առաջիկայում:

«Նման բան չկա: Ինձ շատ են դիմում, թե բանակը երեք տարի է դառնալու, բուհերից բոլորին տանելու են... այդպիսի բան չկա, որեւէ օրենսդրական նախաձեռնություն չկա: Մենք մեր առջեւ դրված խնդիրները հաջողությամբ լուծում ենք, բոլոր զորակոչերի ընթացքում ինչպես ասում են, պլանը կատարում ենք, այնպես որ խնդիր չունենք: Մենք ընդհակառակը մեծ առավելություն ունենք պայմանագրային ծառայությունը լրացնելու առումով», - ասաց Կարապետյանը:

Հիշեցնենք` այս խոսակցությունները կապվում են ժողովրդագրական խնդիրների հետ, քանի որ հիմա բանակ են զորակոչվում 1993-1994 թվականներին ծնված երիտասարդները:

«Ծնվել են այն ժամանակ, երբ մարդու համար անտանելի պայմանն էին, եւ պատճառը, կարծում եմ, դա է, որ ենթադրենք վերջին զորակոչի ընթացքում, երբ ես եղա կենտրոնական զորահավաքակայանում, պարզվեց 200-ից ավելի զորակոչիկներ ետ են տարվել այնտեղից հիվանդության պատճառով: Դա աննախադեպ թիվ է, բայց նույնիսկ այս պայմաններում, երբ 1992, 1993, 1994 թվականներին ծնվածներն են զորակոչվում, բանակը հաջողությամբ համալրվում է` ի տարբերություն մեր հարեւան երկրի», - ասաց Կարապետյանը:

Հրայր Կարապետյանը հայտարարեց, թե բանակը ամենակայացած կառույցն է այն իմաստով, որ կարողանում է հաջողությամբ լուծել իր առջեւ դրված խնդիրը` անվտանգություն ապահովումը: Պատգամավորն ասաց` բանակմ անընդհատ արդիականացվում է` օրինակ բերելով տեղական արտադրության անօդաչու ինքնաթիռները:

«Ուրիշ երկրներ, նաեւ մեր անմիջական հարեւան երկրները միլիոնավոր դոլարներ են ծախսում, որպեսզի գնեն այդ ինքնաթիռները, հատկապես իսրայելական արտադրությանը: Մենք արտադրում ենք դրանք, ու ոչ միայն այդ ինքնաթիռները. հակահրթիռային, պաշտպանական, հրթիռային ոլորտի բազմաթիվ տեխնիկաներ կան, որ այսօր չեն էլ դրսեւորվում, բայց, հավատացեք, որ դրանք հայկական ռազմարդյունաբերական եւ գիտական մտքի համատեղ գործունեության արդյունք են», - ասաց Կարապետյանը:

Անդրադառնալով խաղաղ պայմաններում մահացած զինվորների հարազատների բողոքներին` Կարապետյանն ասաց, թե պետք է անել ամեն ինչ, որ առնվազն արդար քննության մասով նրանք դժգոհություններ չունենան:

«Իհարկե, այդ մարդկանց բավարարելու միակ ձեւը, ցավոք սրտի, անհնար ձեւ է. որդիներին ետ վերադարձնելը հնարավոր չէ, բայց ամեն ինչ պետք է անել, որ նրանք, եթե չասեն էլ, գոնե մտքի մեջ մտածեն, որ ամեն ինչ արվել է, որ արդար դատ լինի, եւ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն», - ասաց նա:

Ի դեպ, այսօր կառավարության նիստից հետո նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին մոտեցան բանակում մահացած զինվորների ծնողները: Նրանք հանդիպում էին պահանջում Սերժ Սարգսյանի եւ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ` պնդելով, որ երկրի ղեկավարի ցուցումից մեկ տարի անց սպանությունների բացահայտման գործում որեւէ քայլ չի կատարվել:

«Ես ձեզ հավատացնում եմ, որ Գեւորգ Կոստանյանը պարբերաբար զեկուցում է նախագահին, թե ինչ է արել: Այս հանցագործությունների բացահայտման լավագույն օղակը զինդատախազությունն է: Զինդատախազի համար որեւէ գործ կոծկելը հանցագործություն է», - նրանց պատասխանեց Վիգեն Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG