Մատչելիության հղումներ

Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամի հերթական մրցանակաբաշխությանը 25 գիտական խմբեր 5000 դոլարի դրամաշնորհներ ստացան:

Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) մասնաճյուղի գրասենյակում Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ) հերթական մրցանակաբաշխությանն այսօր պարգեւատրվեցին 25 գիտական խմբեր, որոնցից յուրաքանչյուրն արժանացավ 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհին:

Պավել Մուժիկյանը ԳԿՀԱՀ-ի մրցանակին արժանացած ամենաերիտասարդ գիտնականն է, ընդամենը 26 տարեկան է: Նա ներկայացնում է Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը:

«Երկրորդ տարին անընդմեջ, փաստորեն, ստանում եմ այս դրամաշնորհը: Այս տարի հանդիսանում եմ նաեւ դրամաշնորհի ղեկավարը եւ հույս ունեմ, որ այն թույլ կտա ավելի արդյունավետությամբ շարունակել այն աշխատանքները, որոնք ընթացքի մեջ են, ենթադրում են լինել շարունակական: Ինձ համար ինչ-որ չափով անակնկալ էր, որ այս բավականին լուրջ մրցակցության մեջ արժանացա դրամաշնորհին, իսկապես մեծ պատիվ է», - ասում է երիտասարդ գիտնականը:

Հետազոտական խորհրդին ներկայացվել էին 198 գիտական առաջարկներ: Դրանցից 51-ը հանձնաժողովի կողմից գնահատվել է գերազանց, եւ լավագույն 25-ը:մեծ դժվարությամբ են ընտրվել: Գիտական խմբերի ղեկավարներից 10-ը կանայք են, 15-ը` տղամարդիկ:

Հաղթողեցին ֆիզիկայի, աստղագիտության, կենսաքիմիայի, կենսաբանության, մոլեկուլյար կենսաբանության, բժշկագիտության, ճարտարագիտության եւ նոր տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի, հայագիտության ոլորտներին վերաբերող գիտական աշխատանքները:

«Հայ օգնության ֆոնդը 23 տարուց ավելի է, ինչ գործում է Հայաստանում: Ստեղծվել է 1988-ի երկրաշարժից անմիջապես հետո: Ֆոնդը հատկացնում էր միլիոնավոր դոլարների սնունդ, վառելիք, իրականացվում էին բնակարանաշինության աշխատանքներ: Իսկ հետո անցում կատարվեց դեպի զարգացման ծրագրերը, որի հիմքում այժմ ընկած են հիմնականում կրթությունն ու գիտությունը», - ասաց ՀՕՖ-ի Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը:

Սարգսյանն ասում է, որ աշխատանքների ներկայացման ոչ մի սահմանափակում չի լինում, մրցույթին կարող են հայտագրվել բոլոր ցանկացողներն իրենց գիտական աշխատանքներով, իսկ գիտական աշխատանքների փորձաքննությունը իրականացվում է ԱՄՆ-ում` այդ նպատակով ստեղծված հատուկ հանձնաժողովի կողմից:

«Միակ, երեւի, Հայաստանում գործող զուտ հայկական դրամաշնորհն է, որը ուղղորդված է սատարելու հենց Հայաստանում աշխատող գիտնականներին: Փորձաքննությունն իրականացնում են հայազգի, ամերիկահայ եւ ամերիկացի գիտնականները` պրոֆեսոր, աստղաֆիզիկոս Երվանդ Թերզյանի ղեկավարությամբ», - նշում է Սարգսյանը:

XS
SM
MD
LG