Մատչելիության հղումներ

Նախկին ԲՀԿ-ականը Արարատի ոստիկանապետ նշանակվեց


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ, ԲՀԿ-ի Արարատ եւ Վեդի քաղաքների տարածքային կառույցի նախկին փոխնախագահ Կարեն Խաչատրյանը այլեւս կանգնած է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողքին: Այս մասին Խաչատրյանը փոխանցեց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում` պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ դուրս եկավ ԲՀԿ-ից:

«Ես զինվորական եմ, ես իմ երկրի, իմ պետության կողքին եմ կանգնած, իմ նախագահի կողքին եմ կանգնած: Թողեք ես իմ մտածելով շարժվեմ», - ասաց Խաչատրյանը:

Խաչատրյանն ասաց` ԲՀԿ-ից դուրս գալու մասին չի խոսել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան: ի հետ:

Ի դեպ, Կարեն Խաչատրյանը, ով պնդում է, թե իր հետ ԲՀԿ-ից դուրս է եկել եւս 400 հոգի, արդեն պաշտոն է ստացել: Նա նշանակվել է ոստիկանության Արարատ քաղաքի բաժանմունքի պետ: Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին ոստիկանության լրատվական ծառայությունից, Կարեն Խաչատրյանը դիմել էր ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանին` ոստիկանության համակարգում ծառայության անցնելու խնդրանքով, եւ երեկ ուշ երեկոյան ոստիկանապետի հրամանագրով Խաչատրյանը նշանակվել է ոստիկանության Արարատի բաժանմունքի պետ: Ոստիկանությունից փոխանցեցին, որ Խաչատրյանը ժամանակին ծառայել է ռազմական ոստիկանությունում: Ուշագրավ է, որ թեեւ, ըստ ոստիկանության, նախկին ԲՀԿ անդամը երեկ արդեն նշանակվել է ոստիկանության Արարատի բաժանմունքի պետի պաշտոնում, սակայն Խաչատրյանը այսօր ասաց, թե տեղյակ չէ իր նոր պաշտոնի մասին:

«Այս պահին նման տեղեկություններ ես ստանում եմ լրատվամիջոցներից, կոնկրետ պաշտոնական ոչ մի հայտարարություն չկա, եթե լիներ կներկայացնեին, դեռ չկա նման բան, բայց նորից եմ կրկնում, որ ինձ համար մեծ պատիվ է ոստիկանապետի հետ աշխատելը», - ասաց նա:

Խաչատրյանը ասաց, որ ոստիկանությունում ծառայության անցնելու մասին դիմումը երեկ է գրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG