Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԿԸՀ-ն նախագահի թեկնածու գրանցեց Պրոխորովին


Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ միլիարդատեր Միխայիլ Պրոխորովին գրանցել է երկրի նախագահի թեկնածու։

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, իր առաջադրման օգտին Պրոխորովի հավաքած 2 միլիոն ստորագրություններից անհավաստի է ճանաչվել միայն 4.38 տոկոսը, ինչը օրենքով թույլատրվող սահմաններում է (5 տոկոս)։

Այդպիսով, Պրոխորովը դարձավ մարտի 4-ին Ռուսաստանում անցկացվելիք նախագահական ընտրություններում գրանցված հինգերորդ թեկնածուն, ինչով էլ թեկնածուների ցանկը վերջնական տեսք ստացավ։

Ավելի վաղ արդեն գրանցվել էին խորհրդարանական չորս կուսակցությունների առաջնորդների թեկնածությունները` Վլադիմիր Պուտինը` իշխող «Եդինայա Ռոսիա»-ից, Գենադի Զյուգանովը` կոմկուսից, Սերգեյ Միրոնովը` «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ից, եւ Վլադիմիր Ժիրինովսկին` Լիբերալ դեմոկրատական կուսակցությունից։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի գրանցել «Յաբլոկո» կուսակցության հիմնադիրներից Գրիգորի Յավլինսկու թեկնածությունը` խոտանելով նրա օգտին տրված ստորագրությունների 26 տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG