Մատչելիության հղումներ

Հունվարի 26-ի մամուլ


«Երկիր» օրաթերթն ընդհանրացնում է. - «Սպասվող խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն առնվազն վերջին 10 տարիներին կայացած համապետական ընտրություններից կտարբերվեն մի շատ էական հատկանիշով` դրանք տեղի են ունենալու հասարակության կենսամակարդակի, սոցիալ-տնտեսական վիճակի անշեղ անկման, վաղվա օրվա նկատմամբ վստահության բացակայության պայմաններում: Այս պայմաններում հասարակության մեջ զայրույթը, անհանդուրժողականությունը, կյանքը փոխելու պահանջը հասել են աննախադեպ մակարդակի, հատկապես` այս ամենը չտեսնելու տալու, սնամեջ խոստումներով ու գոյություն չունեցող նվաճումներով, ինչ-որ «մակրոցուցանիշներով» կառավարության վարքագծի պատճառով: Մարդիկ իրենց զգում են լքված, արհամարհված սեփական իշխանության կողմից, որը տեսնում ու ընկալում է միայն ինքն իր համար հորինած վարդագույն իրականությունը»:

Առաջիկա ընտրություններին է վերաբերում նաեւ «Ժամանակ» թերթի առաջնորդող հոդվածը: Թերթը նկատում է. - «Թեեւ մեծամասնական ընտրատարածքները համարվում են, այսպես ասած, իշխանության «բոստանը», այնուհանդերձ այդ «բոստանում» էլ արշալույսներն անկասկած խաղաղ չեն լինելու: Բանն այն է, որ սպասվում են բավական թեժ միջիշխանական բախումներ: Մասնավորապես, ինչպես հայտնի է, բոլոր ընտրատարածքներում առաջադրվելու մտադրություն է հայտնել ԲՀԿ-ն: Պարզ է, որ ՀՀԿ-ն չի կարող իրեն թույլ տալ այս հարցում զիջել ԲՀԿ-ին, եւ որպես առաջին իշխանական ուժ` նա եւս պետք է բոլոր ընտրատարածքներում ներկայացնի թեկնածուներ: Ավելին` ՀՀԿ-ն նույնիսկ որոշ ընտրատարածքներում կներկայացնի մեկից ավելի թեկնածուներ, մեկը, այսպես ասած, պաշտոնական թեկնածու, իսկ մյուսը` անկուսակցական մի որեւէ օլիգարխ կամ թաղային հեղինակություն: Այսինքն` հավանական է ոչ միայն ՀՀԿ-ԲՀԿ պայքարը, այլ նաեւ այսպես ասած` ՀՀԿ պաշտոնական եւ ոչ պաշտոնական թեկնածուների պայքարը: Եվ այս տեսանկյունից չի էլ բացառվում, որ այդպիսի ընտրատարածքներում Սերժ Սարգսյանը կատարի ընդամենը արբիտրի դեր` հետեւելով միայն կանոններին, իսկ թե կանոնների շրջանակում ով կհաղթի` նրա համար երեւի թե տվյալ պահին կարեւոր չի լինի, քանի որ ով էլ հաղթի` կլինի ՀՀԿ-ինը: Այլ է հարցը Բարգավաճ Հայաստանի հետ հակադրության պարագայում: Այստեղ պարտությունը Սերժ Սարգսյանի համար կարող է թանկ նստել, իհարկե` որոշակի թվաքանակից հետո»:

«Հրապարակ»-ի խմբագրականը գնահատում է Հրազդանի քաղաքապետի առաջիկա ընտրությունների նշանակությունը. - «Հրազդանի քաղաքապետի ընտրություններն այն փորձաքարն ու լակմուսի թուղթն են լինելու, որն առաջիկա համապետական ընտրությունների որակի մասին մեզ շատ բան է ասելու: Փետրվարի 12-ին իշխանությունն ու ընդդիմությունն առաջին անգամ «ռինգ» են դուրս գալու, եւ մենք ականատես ենք լինելու, թե ինչպես է վերաբերվում հայ հասարակությունն այս երկու ուժերին: Նաեւ համոզվելու ենք, թե արդյո՞ք իշխանության մեծադղորդ խոստումները մաքուր ընտրություններ անելու մասին իրական են ու իրականանալի, թե՞ հերթական անգամ նախապես խոստանալու են, հետո անեն այնպես, ինչպես միշտ են անում»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Երեկ հերթական անգամ միանգամից մի քանի հանրապետականներ հայտարարեցին, որ ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններում բացահայտ ֆավորիտ է լինելու եւ հաջորդ խորհրդարանում մեծամասնություն է ունենալու: Այս ուղերձի իմաստը շատ պարզ է. «միեւնույն է` կեղծելու ենք»: Բայց մեզ ավելի շատ ոչ թե այս ուղերձն է հետաքրքրում, այլ քարոզչական այն ֆոնը, որն իբր հետագայում պիտի լեգիտիմացնի ՀՀԿ-ի այդ «հաղթանակը»: Իշխանական քարոզչության «ռազմավարական ուղղություններից» մեկը հայտնի է. իբր` ժողովուրդը լավ էլ հաճույքով ընտրակաշառք է վերցնում: Սա արվում է, որպեսզի հետո ասեն` դե մենք ի՞նչ մեղավոր ենք, թող մարդիկ կաշառք չվերցնեին, մենք ի՞նչ անենք, որ «ազգային մենթալիտետն» այդպիսին է: Քարոզչության երկրորդ ուղղությունն էլ երեկ բացահայտեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` հայտարարելով, թե կուսակցությունների ծրագրերն ընտրողներին ընդհանրապես չեն հետաքրքրում: Ավելին` ըստ նրա, ընտրողները բացարձակապես ուշադրություն չեն դարձնում այն հարցին, թե քաղաքական ուժերը կամ անհատ պատգամավորները կատարե՞լ են իրենց նախընտրական խոստումները, թե՞ չեն կատարել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG