Մատչելիության հղումներ

logo-print

ԲՀԿ-ից դուրս գալու տասնյակ դիմումներ են ստացվել


«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում «Բարգավաճ Հայաստան»-ի Արարատի տարածքային կառույցի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ստեփանյանը ասաց, որ իրենք պարզել են, որ ստացված 58 դիմումներից 22-ի հեղինակները «ընդհանրապես կուսակցության հետ որեւէ կապ չունեն», իսկ 15-ը հետ են վերցրել դիմումները, քանի որ դրանք իրենց անունից գրել էին «լրիվ անծանոթ մարդիկ»:

Մարզային կառույցի ղեկավարն ասաց, որ այժմ իրենք ուսումնասիրություններն են կատարում` պարզելու, թե ովքեր են այդ կեղծ դիմումները գրողները:

«Այսօր քննարկումները գնում են Արարատ քաղաքում: Մեր «Կենտրոն» հեռուստատեսությունը գտնվում է այտեղ: Դուք այսօր բոլոր հարցերի պատասխանը լրիվ կտեսնեք: Հենց հիմա այդ քննարկումները գնում են», - ասաց Ստեփանյանը:

Մնացած 21 դիմումներից մեկը գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Արարատի եւ Վեդի քաղաքների կառույցի փոխնախագահ Կարեն Խաչատրյանը:

Տիգրան Ստեփանյանի տեղեկություններով, Կարեն Խաչատրյանը վերջերս նշանակվել է Ոստիկանության Արարատ քաղաքի բաժանմունքի պետի պաշտոնում:

«[Կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ] Որեւէ բացատրություն ո'չ ինձ, ո'չ էլ կուսակցության չի ներկայացրել», - հավելեց ԲՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարը:

Ստեփանյանը այս զարգացումները չի կապում մոտեցող նախընտրական շրջանի հետ. - «Մեր կուսակցությունուն նման բան չկա: Այդ մի մարդն է գնացել, հետն էլ եղբոր տղան, քրոջ տղան են գնացել: Ի՞նչ կա դրա մեջ»:

Այսօր, ի դեպ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն Արարատի մարզում էր եւ անձամբ կուսակցական տոմսեր է բաժանել կուսակցության 1200 նոր անդամներին:

«1200-ից ավելի մարդիկ` երիտասարդներ, ուսանողներ, տարեց մարդիկ կուսակցության շարքերն են մտել: Պարոն Ծառուկյանը եկել է, որ անդամատոմսերը բաժանի», - ասաց Ստեփանյանը:

Նա չհամաձայնեց դիտարկմանը, թե փորձ է արվում դրսից կազմաքանդել «Բարգավաճ Հայաստան»-ը, ինչ-որ մարդկանց կուսակցությունից տանել` պաշտոններ խոստանալով: «Ես դա չեմ նկատել», - ասաց նա:

Հարցին, թե ինչպես է գնահատում ԲՀԿ-ի հնարավորությունները առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Ստեփանյանը արձագանքեց. - «Դա որոշում է ժողովուրդը»:

Նա հրաժարվեց հրապարակել Արարատի մարզում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների թիվը` ասելով միայն. - «Ավելի շատանում է»:

Հավելենք, որ Ոստիկանությունից ամբողջ օրվա ընթացքում այդպես էլ չհաստատեցին Կարեն Խաչատրյանի նշանակման լուրը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG