Մատչելիության հղումներ

Մշակվել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների ծրագիր


Արդարադատության նախարար Հրայր Թովմասյան
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյան
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը չորեքշաբթի կայացած ասուլիսում հայտարարեց, որ մշակվել է Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումների համալիր ծրագիր, որը կյանքի կկոչվի 2012-2016 թվականների ընթացքում: Ծրագրի նպատակը, ըստ նախարարի, ոլորտի արդյունավետությունն ու դրա նկատմամբ բնակչության վստահությունը մեծացնելն է:

Նախարարն ասաց` դատաիրավական համակարգը «երկրի խոցելի տեղերից մեկն է, [որի նկատմամբ] կա անվստահության արդեն իսկ կրիտիկական հասնող մի ծավալ»:

«Եթե այսօր ունենք 70-80 տոկոսի հասնող անվստահություն դատական իշխանության նկատմամբ, ապա պետք է դա իջեցնել մինչեւ 30-40 տոկոս: Ես պայմանական թվերի մասին եմ խոսում, բայց դա մի ածանցյալ դրական ազդեցություն է բերելու ողջ համակարգի բոլոր ճյուղերի վրա», - ասաց նախարարը:

Հիշեցնենք` դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ մոտ մեկ ամիս առաջ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իրականացված խորհրդակցության ժամանակ Հայաստանի նախագահը իր դժգոհությունն էր հայտնել համակարգում բարեփոխումների ընթացքից: «Ցավոք, պետք է նշեմ, որ արդյունքներն այսօրվա դրությամբ գոհացուցիչ չեն, եւ մենք չենք կարող արձանագրել լուրջ փոփոխություններ այս ոլորտում», - ասել էր նախագահը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում հայաստանյան իրավապաշտպանները բազմիցս են ուշադրություն հրավիրել արդարադատության նախարարության համակարգի մաս հանդիսացող քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրների վրա` առանձնացնելով, մասնավորապես, վաղաժամկետ պայմանական ազատման միջգերատեսչական հանձնաժողովների աշխատանքը: Այդ հանձնաժողովները, որոնք իրավունք ունեն վաղաժամկետ ազատություն շնորհել դատապարտյալներին, իրենց` դատապարտյալների հայտերը մերժելու կամ բավարարելու որոշումները չեն հիմնավորում: Ըստ իրավապաշտպանների, դատապարտյալները չեն կարողանում հասկանալ, թե ինչու մեկին մերժեցին, մյուսին` ոչ, ուստի եւ հնարավոր չէ նաեւ հասկանալ, թե ինչ չափանիշներ են աշխատում, որ մեկին մերժում են, իսկ մյուսին` ոչ: Արդյունքում, իրավապաշտպանների համոզմամբ, այդտեղ առկա են կոռուպցիոն լուրջ ռիսկեր: Չլուծված է մնում նաեւ ծանր հիվանդ դատապարտյալների խնդիրը: Հայաստանի կառավարության որոշմամբ դեռեւս 2003 թվականին ստեղծվեց արդարադատության նախարարության միջգերատեսչական բժշկական հանձնաժողով, որը զբաղվում է այն հիվանդ դատապարտյալների ազատ արձակման խնդրով, որոնք չեն կարող պահվել քրեակատարողական հիմնարկներում` լուրջ հիվանդ լինելու պատճառով: Կառավարությունը սահմանեց նաեւ այդ հիվանդությունների ցանկը:

Վերջերս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները` իրավապաշտպան Արթուր Սաքունցը եւ Լուսինե Հարությունյանը, բերելով երկու ծանր հիվանդ դատապարտյալների օրինակը, տեղեկացրին, որ բժշկական միջգերատեսչական հանձնաժողովն արդեն վեց ամիս է ոչ մի քայլ չի ձեռնարկել այդ հիվանդների ազատ արձակման ուղղությամբ:

Այս խնդիրների առնչությամբ արդարադատության նախարարն այսօր ասաց հետեւյալը. - «Երբ փորձում ես ուսումնասիրել միջազգային փորձը, ապա այդ հայեցողությունը բոլոր դեպքերում կա, բայց մի շարք երկրներ գնացել են որոշակի ճանապարհով եւ հայեցողությունից զատ, այնուամենայնիվ, սահմանում են որոշակի չափերի միավորներ, օրինակ, անձը հաշտվե՞լ է տուժողի հետ, արդյո՞ք նրանց մեջ թշնամանք կա, թե` ոչ, արդյո՞ք անձը ընտանիք, բնակարան, աշխատանք ունի, արդյո՞ք ինքը աշխատելու ժամանակ ներգրավված է եղել հանրային աշխատանքներում, արդյո՞ք արգեսիվություն ցուցաբերում է, թե ոչ: Սրանք չափերի միավորներ են, որոնք քրեակատարողական հիմնարկը հստակ նշելու է»:

Հարցին, թե ոլորտի բարեփոխումների ծրագրով նախատեսվա՞ծ է, որ վաղաժամկետ պայմանական ազատման միջգերատեսչական հանձնաժողովները հետայսու նշեն իրեն որոշումների պատճառները, Թովմասյանը պատասխանեց. - «Բժշկական եւ վաղաժամկետ պայմանական ազատման հանձնաժողովների գործունեության վերաբերյալ օրինագծերը արդեն, ըստ էության, պատրաստ են, որովհետեւ դրանք ներառված են 2012-2016 թվականների դատաիրավական բարեփոխումների ծրագրում: Դրանք դրված են շրջանառության մեջ, եւ այս փոփոխություններին ականատես կլինեք մոտ ժամանակներում: Տարվա կեսին այս ակտերը, կարծում եմ, որ ընդունված կլինեն, եւ մինչեւ տարվա վերջ սրա արդյունքները ակնհայտորեն կտեսնեք»:

please wait

No media source currently available

0:00 0:05:11 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG