Մատչելիության հղումներ

Հայկական կինոաշխարհը հարստացավ եւս մեկ ֆիլմով


Հունվարի 27-ից էկրան կբարձրանա «Թիմ» պրոդյուսերական կենտրոնի եւ Ազգային կինոկենտրոնի համատեղ արտադրության «Եթե բոլորը…» ֆիլմը: Այն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության եւ բանակի ստեղծման 20-ամյակին:

Ֆիլմը մի աղջկա մասին է, ում հայրը` ռուս զինվոր Ալեքսանդր Մասլեննիկովը, զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ` պաշտպանելով իր կնոջ հայրենիքը: Քսան տարի անց Ալեքսանդրի դուստրը գալիս է Հայաստան` ցանկություն ունենալով գտնել հոր գերեզմանն ու այնտեղ ծառ տնկել: Աղջիկը գտնում է հոր ընկերներին, բայց պարզվում է, որ հոր գերեզմանը մնացել է սահմանից այն կողմ:

Ֆիլմի գլխավոր պրոդուսերը եւ գեղարվեստական ղեկավարը Միքայել Պողոսյանն է: Նրա խոսքով, պատմությունը հորինված է, բայց շատ նման է իրականությանը. - «Գաղափարն ինձ մոտ առաջացավ, երբ որ ես երկար շփվում էի իմ ընկերների հետ, որոնք մասնակից էին այս պատերազմի, եւ պաշար էի հավաքում տարբեր իրադարձությունների, պատմությունների: Ոչ սա հնարված է: Ես հնարել եմ այս գիծը, որ մայրը Սումգայիթում ապրող մի կին է եղել, արցախյան ծագումով եւ ծանոթացել է ռուս զինվորի հետ, ամուսնացել է եւ ծնվել է այս երեխան»:

Ֆիլմի նկարահանող խումբը` բեմադրող ռեժիսորը, օպերատորը հրավիրված էին Մոսկվայից: Բեմադրող ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեն նշում է, որ սկզբում սա իր համար աշխատանք էր ու մտածում էր, որ աշխատանքից հետո այստեղ վերադառնալու կարիք չի լինի, սակայն այսօր մտածում է, որ Հայաստանն իր մի մասն է եւ այստեղ չվերադառնալ ինքը չի կարող. - «Ես հավանաբար շատ երիջանիկ մարդ եմ, որ հնարավորություն ունեցա մասնակցելու ֆիլմի ստեղծմանը, եւ եթե սա որեւէ մեկի հոգին գոնե մեկ վայրկյան ջերմացնի, ուրեմն մեր գործը հաջողված է: Ես կարծում եմ, որ եթե մեր հանդիսատեսը բարությամբ ու ջերմությամբ լցված դուրս գա դահլիճից, դա արդեն մեծ գործ է: Գուցե շատերն այլ կերպ կնայեն կռվի մասնակիցներին ու հարկ եղած դեպքում կօգնեն նրանց, քանի որ այս մարդիկ պատերազմը հիշում են ամեն օր»:

Ֆիլմում օգտագործվել է Լիլիթ Պիպոյանի ստեղծագործություններից մեկը, սակայն
երաժշտական ձեւավորման ողջ պատասխանատվությունը կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանի ուսերին էր:

«Իմ դաժան սկզբունքներից մեկն է, որ երաժշտությունը պետք է կենդանի ձայնագրվի: Ոչ մի էլեկտրոնային գործիք չի օգտագործվել այս ամենի մեջ», - ասաց Հայրապետյանը:

Բեմադրող ռեժիսորի խոսքով, աշխատել են դժվար ժանրում` տրագիկոմեդիա: Կյանքում ուրախությունն ու տխրությունը քայլում են կողք-կողքի, ֆիլմի սյուժեն էլ զուգորդվում է ուրախ կատակներով ու տխուր պահերով:

Ֆիլմի ստեղծման աշխատանքները տեւել են շուրջ 2 տարի, բուն նկարահանումները` 32 օր: Օգնել են Հայաստանի նախագահը, պաշտպանության, մշակույթի նախարարերն ու տարբեր կազմակերպություններ:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի խոսքով, արցախյան պատերազմի մասին նկարահանված ֆիլմերը շատ են, բայց որակապես այս ֆիլմին միանաշանակ զիջում են. - «Ես չեմ կարծում, որ մեքն ունենք մինչեւ այսօր այն լավագույն ֆիլմը, որով մենք պետք է հպարտանանք եւ կարողանանք աշխարհին ցուցադրել. խոսքս վերաբերում է Ղարաբաղի թեմային: Առայժմ չկա այդ ֆիլմը, եւ կարծում եմ, որ այս առաջին փորձը, որում ներգրավեցինք նաեւ ռուսական կողմին, մի քայլ կարծես թե առաջ է: Կարծում եմ իզուր չէ, որ պետությունը աջակցեց, եւ մենք ունեցանք եւս մեկ լավ ֆիլմ»:

Հեղինակները նպատակ ունեն ֆիլմը ցուցադրել միջազգային տարբեր փառատոններում: Իսկ մինչ այդ ֆիլմի երեւանյան ցուցադրությունից հետո, այն կցուցադրվի նաեւ Ստեփանակերտում եւ Մոսկվայում:

XS
SM
MD
LG